Փաշինյանի պատասխանը՝ Քոչարյանին․ իշխանություն...

Այն բանից հետո, երբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարեց, որ մասնակցելու է արտահերթ ընտրություններին եւ հաղթելու է, իսկ արդեն «Սպուտնիկ-Արմենիայի» հետ զրույցում հայտարարեց, որ վերադառնում է մեծ քաղաքականություն, Հայաստանի գործող իշխանությունները որոշեց արտահերթ ընտրությունների չգնալ։ Մասնավորապես, հիշեցնենք, թե ինչ է ասել նախագահ Քոչարյանը․ «Եթե այս մարդիկ չեն հասկանում, որ այս պայմաններում ընտրությունները վտանգավոր են երկրի համար և այնուամենայնի գնան այդ քայլին, ընտրություններում իրենց մենակ թողնելը հանրության հետ ուղղակի չեմ կարծում, որ ճիշտ է։ Դրա համար այո՛, մասնակցելու ենք և կրելու ենք»։

Հայաստանի գործող իշխանությունները, ի դեմս իրենց առաջնորդ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, թերեւս իրենց համար ամենից մղձավանջային վիճակն են համարում Քոչարյանի հետ ընտրապայքարի մեջ մտնելը։ Նաեւ ըստ ամենայնի, հասկանում են, որ ներկա իրավիճակում ոչինչ չունեն հակադրելու մի քաղաքական գործչի, ով արդեն մեկ անգամ ղեկավարել է երկիրը եւ թոել է այնպիսի արդյունք, որոնք շատ առումներով դեռ գերազանցված չեն։ Եվ ահա, այս ամենից ելնելով, իշխող մեծամասնությունը երեկ հայտարարություն տարածեց, որով փաստեց, որ մտքափոխվել է արտահերթ ընտրությունների հարցում։ «Փետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, «Իմ քայլը» խմբակցությունը շարունակում է աջակցել վարչապետին և կառավարությանը նոյեմբերի 18-ին ներկայացված ճանապարհային քարտեզի իրականացման գործում»,- ասված է հայտարարությունում։

Ինքնին հասկանալի է, հայտարարությունը գրել է հենց Նիկոլ Փաշինյանը եւ սա արձագանքն է Ռոբերտ Քոչարյանին, սակայն իր «խասյաթի» համաձայն, տղամարդկություն չի ունեցել անձամբ հայտարարելու այդ մասին եւ որոշել է թաքնվել այժմ էլ իշխող խմբակցության հետեւում, որտեղ, ինչպես ժողովուրդը կասեր «շունը շապիկ է հագել, կատուն՝ վարտիք»։

Մեծ հաշվով Նիկոլ Փաշինյանի (կապ չունի, որ հայտարարությունը ՔՊ կողմից է տարածվել) այս հայտարարությունը մեծ արժեք չի ներկայացնում իրենից եւ կարող է ընկալվել կամ նաեւ քաղաքական դաշտին եւ հատկապես խորհրդարանական ընդդիմությանն ուղղվաշ շանտաժ, կամ էլ պարզապես «առեւտուր» արդեն մեծ քաղաքականության խաղացողների հետ։

Հասկանալի է, որ Փաշինյանն ապագա չունի եւ հեռանալու է։ Նույնիսկ եթե Հայաստանի ժողովուրդը նրան չհեռացնի, նրա հեռացման հարցում կարելի է պնդել, կա մեծ քաղաքականության խաղացողների կոնսենսուսը, ինչպես ժամանակին նման կոնսենսուս կար Լեւոն Տեր-Պետրոսյանի հեռացման օրերին, որը հասկացավ առաջին նախագահը՝ այն ժամանակվա Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի «հուշումից» հետո եւ ունեցավ համարձակություն եւ իմաստնություն նման քայլ անելու։ Ուստի Փաշինյանի նմանատիպ «խաղերը» առնվազն ծովում խեղդվող մարդու՝ փրփուրներից կախվել է նշանակում եւ ոչ ավելին։