Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մայիսի 29-ին Հռոմում մասնակցել է «Իտալիա-Կենտրոնական Ասիա» նախարարական երրորդ համաժողովին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
ԱԳ նախարարի տեղակալը, շնորհակալություն հայտնելով իտալական կողմին Հայաստանին հրավիրելու համար` «Հաղորդակցություններ» խորագրով նստաշրջանին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա սկզբունքները՝ ընդգծելով, որ նախագիծը կարող է համակցվել գլոբալ նախաձեռնություններին։
Նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը միտված է տնտեսական փոխկապակցվածության և հարևան երկրների միջև երկխոսության խթանմանը՝ հարգելով պետությունների ինքնիշխանությունը և հավասարության, իրավազորության ու փոխադարձության սկզբունքները։
Անդրադառնալով Հարավային Կովկասում ընթացող աշխարհաքաղաքական զարգացումներին՝ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը տարածաշրջանում խաղաղության ու կայունության խթանմանն ուղղված Հայաստանի կառավարության ջանքերի առանցքային մասն է։