Պարսից ծոցի և ԱՍԵԱՆ-ի երկրները տնտեսական համա...

Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի (ՊԾԱՊՀԽ) և Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) երկրները հավանություն են տվել գործողությունների համատեղ ծրագրին, որը նախատեսում է քաղաքական երկխոսության և տնտեսական համագործակցության ամրապնդում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմադ բին Սալման Ալ Սաուդի ելույթը ՊԾԱՊՀԽ-ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում։

Թագաժառանգի խոսքով՝ գործողությունների համատեղ ծրագիրը նախատեսված է 2024-2028 թվականներն ընկած ժամանակահատվածի համար։

Ըստ Մուհամմադ բին Սալմանի՝ փաստաթուղթն իրենից ներկայացնում է «հստակ ճանապարհային քարտեզ, թե ինչ պետք է անեն ՊԾԱՊՀԽ-ի և ԱՍԵԱՆ-ի երկրները տարբեր բնագավառներում համագործակցությունն ու գործընկերությունն ընդլայնելու համար»:

«Մեր երկրները կշարունակեն կատարել էներգապաշարների անվտանգ և հուսալի մատակարարների պարտականությունը` պահպանելով էներգիայի համաշխարհային շուկաների և մատակարարման շղթաների կայունությունը՝ հույս ունենալով ստանալ առավելագույն շահ համատեղ լոգիստիկ և ենթակառուցվածքային նախագծերից», - ընդգծել է նա։

ՊԾԱՊՀԽ-ԱՍԵԱՆ գագաթնաժողովը տեղի է ունենում Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում: