Փարիզը կպահպանի Հայաստանին ռազմական աջակցությ...

Ադրբեջանը սրում է Ֆրանսիայի հետ կոնֆլիկտը՝ այն բորբոքելով Խաղաղ օվկիանոսի, Կարիբյան ավազանի և Լատինական Ամերիկայի ֆրանսիական տարածքներում, և դա պայմանավորված է Փարիզի կողմից Երևանին զենքի մատակարարմամբ: Այս մասին գրում է Bloomberg-ը:

Բաքվի նախաձեռնող խումբը (The Baku Initiative Group), որը կապված է Ադրբեջանի կառավարության հետ, քարոզում է դադարեցնել Փարիզի իշխանությունը նրա բազմաթիվ անդրծովյան շրջաններում՝ անկախության կողմնակից ակտիվիստներին աջակցելով այնպիսի վայրերում, ինչպիսիք են Ֆրանսիական Պոլինեզիան և Նոր Կալեդոնիան, նկատում է աղբյուրը:

«Այսօր ամբողջ աշխարհը տեսնում է, թե ինչ է անում ֆրանսիական պետությունն այս գաղութացված տարածքներում», - հարցազրույցում ասել է խմբի ղեկավար Աբբաս Աբասովը։

Ըստ Bloomberg-ի՝ առճակատումը, ըստ երևույթին, ավելի կսրվի, քանի որ Ֆրանսիան, որտեղ բնակվում է մեծությամբ երրորդ հայկական սփյուռքը, զենքի մատակարարման պայմանագիր է ստորագրել Երևանի հետ:

«Ակնկալվում է, որ Փարիզը կպահպանի Հայաստանին ռազմական աջակցությունը՝ անկախ նախագահ Էմանուել Մակրոնի նշանակած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից», - կանխատեսում է հոդվածագիր Հենրի Մեյերը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանն ինքը միլիարդավոր դոլարներ է ծախսել զենքի գնման վրա՝ այն ձեռք բերելով օտար ուժերից՝  Թուրքիայից, Իսրայելից և Ռուսաստանից, ու դա օգնել է Բաքվին 2020 թվականից ի վեր երկու պատերազմ տանել ընդդեմ Լեռնային Ղարաբաղի: