
Փարիզի Ելիսեյան պալատում մեկնարկել է Ուկրաինային աջակցող երկրների՝ «կամեցողների կոալիցիայի» հանդիպումը։ Այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն։
Հանդիպումը նախագահում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը:
Կոալիցիայի աշխատանքներին մասնակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։ Ասոցիացիան ներառում է մոտ երեսուն պետություն, հիմնականում՝ եվրոպական։
Մակրոնի խոսքով՝ հանդիպումն անցկացվում է «Ուկրաինայի համար հուսալի անվտանգության երաշխիքների համակարգումն ավարտելու համար»։
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ դահլիճը լեփ-լեցուն է, իսկ որոշ առաջնորդներ միանում են քննարկմանն առցանց։
Մակրոնի բացման հակիրճ ելույթից հետո լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրել են լքել դահլիճը։ Ակնկալվում է, որ առաջնորդները քննարկումներ կանցկացնեն Թրամփի հետ և հանդիպումից հետո կանցկացնեն մամուլի ասուլիս։
Հանդիպման նպատակն է հստակեցնել Միացյալ Նահանգների և այլ երկրների պատրաստակամությունն՝ ապահովելու Ուկրաինայի ապագա անվտանգությունը:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Փարիզ է ժամանել սեպտեմբերի 3-ի երեկոյան և հանդիպում ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։