Ես ուզում եմ նշել, որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում բազմաթիվ ջերմատնային տնտեսություններ ենք ստեղծել, այդ թվում՝ վարդի կամ այլ ծաղիկների, որոնց նմանը չկա ԵԱՏՄ-ում կամ այդպիսի լավ որակի քիչ կա, այդ թվում՝ նաև ՌԴ-ում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Դա մեզ հնարավորություն է տալիս ԵՄ-ի շուկա և ԱՄՆ էլ արտահանում իրականացնել: Մենք հիմա մեխանիզմներ ենք քննարկում, օրինակ՝ վարդի մասով, Եվրոպական միության շուկա դուրս գալու»,-նշել է նա:
Խոսելով Ռոսսելխոզնադզորի՝ Հայաստանից ծաղիկների ներմուծման սահմանափակումների մասին, Պապոյանն ասել է՝ «Էկոնոմիկայի նախարարության գործընկերը «Минэкономразвития»-ն է, ոչ թե «Ռոսսելխոզնադզոր»-ը, այսինքն՝ պետք է ճիշտ հարցերն իրար կողքի դնել։
Մեր և ՌԴ-ի հարաբերություններն իրականում շատ լավն են, գործընկերային են: Առանձին հարցերի շուրջ մամուլում որոշակի լարվածությունները, այսպես ձևակերպեմ, ավելի հեռու են այն իրականից, որը կա: Կարծում եմ՝ այնուամենայնիվ, այդ լարվածությունների վերջին օրը կլինի հունիսի 7-ը: Հունիսի 8-ին, ժողովրդի հաղթանակից հետո, ամեն ինչ լինելու է իդեալական և ռուսական կողմն էլ է նշել, որ շատ լավ աշխատելու է մեր հետ: Դրա մասին ամենաբարձր մակարդակով հայտարարվել է, այնպես որ՝ ամեն ինչ լավ է լինելու»,-ասել է Պապոյանը։
Հիշեցնենք, որ երեկ տեղեկացրել էինք՝ Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծագումով և առաքմամբ ծաղկային արտադրանքի ներմուծման վրա՝ մինչև ջերմոցային տնտեսությունների տեսչական ստուգումների ավարտը և դրանց արդյունքների վերլուծության ամփոփումը։



