Փակ շղթայից դուրս գալ է պետք՝ իրական աշխարհ վ...

Երբ առաջին անգամ սոցիալական ցանցերը մտան ասպարեզ, չէր կարելի նույնիսկ պատկերացնել, որ ընդամենը մեկ տասնամյակ անց կամ մի քիչ ավելի, դրանք կարող են դառնալ քաղաքական պրոցեսների մեջ միջամտելու գործիքակազմի առանցքային դերակատարություն ունեցող «ակտորներից» մեկը։ Սակայն այսօր արդեն «Ֆեյսբուքը» բացահայտում է, որ իր բոլոր օգտահաշիվների 5 տոկոսը ֆեյք է, իսկ այս տարվա ընթացքում մինչեւ սեպտեմբեր, միլիոնավոր օգտահաշիվներ են արգելափակվել, ու միլիոնավոր հրապարակումներ հեռացվել, քանի որ օգտահաշիվները եղել են ֆեյք, հրապարակումները՝ արգելված կոնտենտ ունեցող։

Առանձին սոցիալական ցանցեր պարզապես արգելում են իրենց հարթակներում քաղաքական բովանդակության գովազդների տարածումը գտնելով, որ քաղաքական գործիչները պետք է իրական մարդկանց միջավայրում իրական հեղինակություն ձեւավորեն։ Նույնիսկ Հայաստանում դժվար է պատկերացնել, որ Նիկոլ Փաշինյանը կարող էր հասնել իշխանության, եթե չլինեին սոցիալական ցանցերը։ Կա վտանգավոր մի իրադրություն, երբ սոցիալական ցանցերն ու վիրտուալ կյանքը սկսում է կամաց-կամաց փոխարինել իրական կյանքին, իրական մարդկանց, իրական աշխարհը։

Հազարավոր մարդիկ մինչեւ այժմ դեռ սրտատրոփ սպասում են, որ իրենց «սրտի թոքերի ու երիկամների» վարչապետը «լայվ» մտնի ու խոսի։ Կապ չունի, թե ինչ կխոսի, կարեւորը խոսելն է, կարեւորը այդ մարդկանց համար զբաղմունքն է։ Այն իրադրությունը որ կա այսօր Հայաստանում, այլ անուն չունի, քան հույսի չարանենգ մանիպուլյացիայի իրականություն։ Պարզ ասած, խաղադրույք է արվել մարդկանց հույսերի, սպասումների, նվիրական ակնկալիքների վրա, ու մանիպուլացվում են դրանք։

Սկզբում պետք է մերժվեր Սերժը, որ ապագան լիներ ապահով, լուսավոր ու բարեկեցիկ, հետո՝ Նիկոլ Փաշինյանը պետք է դառնար վարչապետ, որ երկիրն առաջ ընթանար, հետո ԱԺ նոր ընտրություններ պետք է լինեին, որ ներդրումները գային ու հայրենադարձություն լիներ։ Հիմա արդեն դժվար է ասել, թե նոր բացվող օրվա հետ ինչ նոր «հեքիաթ» է հորինվելու։ Սաշիկի 50 տոկոսը, Քոչարյանի 4 միլիարդը, Սիլվա Համբարձումյանի՝ ազգի կեսին կաշառելը, Վազգեն Մանուկյանի՝ ենթադրյալ ահաբեկչության պատվիրատու լինելը, Նաիրի Հունանյանի «խոսելը», պայմանական Անդրանիկ Քոչարյանի խիստ «պայմանականությունը», Բակո Սահակյանի մարզպետանալը երկու րոպեով, ուտելիքի տվայտալից սպասումը ․․․․ մի խոսքով, կարելի է միայն ափսոսալ, որ այս ամենը Հիչքոկյան ֆիլմերում չեն արտացոլվել, ու ցավել, որ մեր իրականությունն են։ Սակայն սա դեռ վերջը չէ։

Քանի պակասում է հացը, այնքան ավելի դիտարժան են դատնում տեսարանները, որքան դիտարժան են դառնում տեսարանները, այնքան բարձր են հնչում քաղցած Պողոսների՝ ստամոքսների՝ քաղցածությունը հուշող բնաձայնությունները, ու ինչքան բարձր են հնչում այդ զրկտոցները, այնքան ավելի մեծ է դառնում «արտիստների» վճռականությունը, որ «շոուն պետք է շարունակվի»։

Ստացվում է տարօրինակ փակ շղթա, որից դուրս գալու համար ճանապարհը մեկն է՝ վերադառնալ իրական աշխարհ, բացել սառնարանը, տեսնել խցիկների դատարկությունը, լսել քաղցած որովայնի զրկտոցն ու սկսել հարցնել, բա լավ, երբ ենք բա լավ ապրելու, կամ կարող է ինչ որ տեղ շղթայում սխալ է եղել, որ մինչեւ հիմա միայն մի հարյուր հոգի է լավ ապրում, իսկ մնացածները չեն կարողանում հաղթահարել աղքատությունն իրենց գլուխներում։ Սրանք կարեւոր հարցեր են, այլապես, հայտնի վեպի հերոսների նման կշարունակեն բոլորը լինել «ազատ», իսկ ոմանք՝ «ավելի ազատ»։