Օվերչուկը բացառել է Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովում Հայաստանի նկատմամբ սահմանափակող միջոցների ընդունումը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Պայմանագրի փոփոխության մասին խոսք չկա: Պայմանագիրը փոխելու համար անհրաժեշտ է կոնսենսուս, իսկ Հայաստանը, որքան գիտենք, չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից: Այնտեղ շատ լավ հասկանում են թե՛ արտոնությունների ծավալը, թե՛ ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների հետ առևտրի ծավալը, որը զգալի չափով նման ծավալներով հնարավոր է դարձել հենց այն արտոնյալ ռեժիմների շնորհիվ, որոնք գոյություն ունեն Հայաստանի համար»,- ասել է ՌԴ փոխվարչապետը:
Նրա խոսքով՝ դրանք և՛ զրոյական մաքսատուրքերն են, և՛ ներդաշնակեցված ստանդարտները, և՛ ներդաշնակեցված տեխնիկական կարգավորումը։ Այսօր մեր շուկաները բաց են, և տեղի է ունենում ապրանքների ազատ փոխադարձ տեղաշարժ, ասել է Օվերչուկը:
«Այդ պատճառով, բնականաբար, հայերը շատ լավ հասկանում են այն առավելությունները, որոնք իրենց տալիս է մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, և չեն ցանկանում դուրս գալ: Նրանց հանրապետությունում կան քաղաքական ուժեր, որոնք իրենց նպատակն են հռչակել Եվրամիության հետ մերձեցումը և այդ միությանն անդամակցելը: Բոլորը հասկանում են, որ դա անհամատեղելի է, սա նոր իրավիճակ է, և այն անհրաժեշտ է գնահատել»,- հայտարարել է Ռուսաստանի կառավարության փոխնախագահը:
Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական համաժողովը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարների մասնակցությամբ, տեղի կունենա մայիսի 28-ին Աստանայում:



