Օրեր անց կմեկնարկի հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը ևս 10 տարով երկարաձգելու ծրագիրը:
Այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:
«Ընթացքի մեջ է Հայաստանի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման առաջին ծրագիրը՝ մինչև 2026 թվականը (խմբ. 2016 թվականին հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը երկարացվել էր 10 տարով)։ Ընդամենը օրեր անց կմեկնարկի շահագործման ժամկետի երկարացման երկրորդ ծրագիրը, ինչը ենթադրում է ատոմակայանի ժամկետի երկարացում ևս 10 տարով: Պետական բյուջեից 63.2 մլրդ դրամ բյուջետային վարկ է տրամադրվել Հայկական ատոմային էներգակայանին»,-ասաց Խուդաթյանը:
Միևնույն ժամանակ, պետությունը շարունակում է քննարկումները տարբեր երկրների, տարբեր ընկերությունների հետ՝ նոր ատոմային բլոկի կառուցման մասով: Հայաստանի կառավարությունն արդեն ընտրել է ատոմակայանի տեսակը, դա մոդուլյար տեսակի ատոմակայանն է: «Ընթացիկ տարվա ընթացքում կամ 2027 թվականի տարեսկզբին արդեն կընտրենք մոդելը, որից հետո կանցնենք հաջորդ փուլին»,-նշեց նախարարը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ մոդուլային ատոմակայանի կառուցման հարցի շուրջ Հայաստանը բանակցում է մի շարք երկրների, մասնավորապես, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Հարավային Կորեայի հետ։



