Օր ու գիշեր կրթությունից խոսող կառավարություն...

Կառավարության այսօրվա՝ փետրվարի 2-ի նիստում որոշում կայացվեց «Կրթություն» թերթի խմբագրություն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու  մասին։

Թերթի լուծարումը հիմնավորման մեջ նշվում է որպես կրթության ոլորտում բարեփոխում: 
«ժամանակակից դարաշրջանում մարդիկ ավելի հաճախ օգտվում են համացանցից, քանի որ այն բազմաթիվ առավելություններ ունի՝ համեմատած ավանդական թերթերի հետ: Արագ հասանելիությունը, հեշտ որոնումն ու լուրերի տարածումը, բազմազանությունը, ֆինանսական միջոցների խնայողությունը, թերթի ընթերցողների նվազումը նպաստում են նրան, որ թերթերն աստիճանաբար կորցնում են իրենց արդիականությունը»,- նշվում է հիմնավորման մեջ։

«Կրթություն» թերթի խմբագրություն փակ բաժնետիրական ընկերությունը ստեղծվել է դեռ 1997 թվականից։

Թերթի փակման հիմնավորման մեջ նաև նշում են․ «Թերթերի տպագրությունը և տարածումը պահանջում են շատ ռեսուրսներ՝ թուղթ, էներգիա, տպագրական սարքեր, մեծ թվով աշխատակիցներ, ինչպես նաև էկոլոգիական խնդիրներ: Համացանցի դարաշրջանում ավանդական թերթերի ընթերցողները նվազում են՝ իրենց տեղը զիջելով արագ զարգացող վեբ հիմքով այլընտրանքային լրագրերին, ուստի թերթերի տպագրության համար նախատեսված ռեսուրսները կարելի է ուղղել այլ նախաձեռնությունների կամ նախագծերի, որոնք առավել արդյունավետ կլինեն ժամանակակից պայմաններում:

Էլեկտրոնային հարթակներից տեղեկատվություն ստանալը լայն հնարավորություններ են ստեղծում: Կայքերից օգտվելով՝ մարդիկ կարող են անմիջապես ստանալ և տարածել իրենց  հետաքրքրող բազմաբնույթ նյութեր, ինչը շաբաթաթերթերը չեն կարող ապահովել, քանի որ լուրերը դառնում են ուշացած և արդիականությունը կորցրած, իսկ պահանջվող ռեսուրսները չեն արդարանում՝ տպագիր տարբերակի առարկայական, պատկերավոր ու ինտերակտիվ տեղեկատվություն չտրամադրելու պատճառով: Թվարկված խնդիրները նպաստում են թերթի վաճառքների կրճատմանը, ինչն էլ ազդում է եկամուտների վրա: ««Կրթություն» թերթի խմբագրություն» փակ բաժնետիրական ընկերությունը՝ որպես առևտրային կառույց, պետք է ձգտի շահույթ ստանալ, ինչը սահմանված է որպես կազմակերպության հիմնական նպատակ, և հնարավոր է չկարևորի այն գործառույթները, որոնք չեն ապահովում ֆինանսական ինքնաբավություն»: