Օջալանի դասը Հայաստանի քաղաքական առաջնորդների...

Երեկ քրդական ազատագրական պայքարի առաջնորդ Աբդուլահ Օջալանն իր զինակիցներին կոչ արեց վայր դնել զենքերը և լուծարել ՔԲԿ-ն։ Սա պատմական որոշում է ու կարող է շատ վատ հետևանքներ ունենալ քրդերի համար, բայց անգամ նման, ոչ միանշանակ, որոշման մասին հայտարարությամբ Օջալանը ցույց տվեց, թե ինչ ասել է պատասխանատվության զգացում ունեցող առաջնորդ․ «Ես ինձ վրա եմ վերցնում զինաթափման այս կոչի պատմական պատասխանատվությունը»,-իր հայտարարության մեջ ասում է նա։

Սա իսկապես առաջնորդի որակ է, որը մեր օրերում, մեր հասարակության մեջ գրեթե տեսանելի չէ։ Հայաստանում առաջնորդները հիմնականում ման են գալիս հարիֆի, որի դերում միշտ ժողովուրդն է լինում՝ ում վրա կարող են բարդել իրենց կայացրած սխալ որոշումների հետևանքները։

Այս հարցում, իհարկե, անպատասխանատվության մոնումենտը Նիկոլ Փաշինյանն է։ Նա իր կառավարման յոթ տարիների ընթացքում հասցրել է տասնյակ աղետալի որոշումներ կայացնել, պարտվել պատերազմում, հայաթափել Արցախը, կորցնել տարածքներ բուն Հայաստանից և բոլոր այս դեպքերի համար նա մեղադրել է ժողովրդին, ընդդիմադիրներին, ռուսներին, բայց ոչ երբեք ինքն իրեն։

Հայաստանը բացառիկ անպատասխանատվության միջավայր է դարձել։ Փաշինյանի հետ հավասար ժողովրդին են մեղադրում նաև այլ առաջնորդներ։ Օրինակ Սերժ Սարգսյանը ժողովրդին մեղադրում է 2018-ի՝ իր Նիկոլ Փաշինյանին իշխանություն հանձնելու որոշման համար, Նիկոլ Փաշինյանի թուրք-ադրբեջանական սպասարկու լինելու մասին չիմանալու համար և այսպես շարունակ։

Հայաստանում զգացվում է պակասը առաջնորդի, որը կկայացնի որոշում և իսկզբանե, առանց արդյունքներն իմանալու հայտարարի, որ ինքն է կրում այդ որոշման պատասխանատվությունը։ Ահա այստեղ է մեր այսօրվա վիճակի հիմնական աղբյուրներից մեկը։ Այնպես որ բանտում գտնվող Օջալանը լավ դաս տվեց նաև Հայաստանի քաղաքական առաջնորդներին։