Նոր փորձություն Նիկոլ Փաշինյանի համար․ Հայաստ...

Արդեն վաղը Նիկոլ Փաշինյանի իշխանությանը նոր փորձություն է սպասվում։ Բանն այն է, որ վաղը՝ ապրիլի 29-ին, Կազանում մեկնարկում է ԵԱՏՄ Միջկառավարական խորհրդի նիստը։ Նիստին մասնակցելու են ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների կառավարությունների ղեկավարները։ Օրակարգը հայտնի է․ քննարկվելու են միության շրջանակում ինտեգրացիոն գործընթացների խորացմանն առնչվող հարցեր, հատուկ ուշադրություն է հատկացվելու ներքին շուկայի գործառնականության, մաքսային դրույքաչափերի կարգավորման, ինչպես նաև՝ տիեզերական հետազոտությունների ոլորտում համագործակցության հեռանկարներին առչվող հարցերին, քննարկելու են մինչև 2025 թ. արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները:

Ըստ ՌԴ կառավարության մամուլի ծառայության տարածած հայտարարության, «Սպասվում է, որ նիստին կմասնակցեն ԵԱՏՄ դիտորդ-պետությունները և հրավիրված հյուրեր»։ Հենց սա էլ հիմնական գայթաքարն է լինելու Նիկոլ Փաշինյանի իշխանության համար։ Բանն այն է, որ վերջին շրջանում բավական խոսվում է մամուլում այն մասին, որ այդ նիստին մացնակցելու է նաեւ Ադրբեջանը։

Ադրբեջանական մամուլում եւ քաղաքագիտական շրջանակներում նաեւ բավականին խոսվեց այն մասին, թե դա ինչ կարող է տալ Ադրբեջանին, թեեւ հասկանալի է, որ Ադրբեջանի՝ ԵԱՏՄ այս նիստին մասնակցությանը կողմ է նաեւ Ռուսաստանը, չնայած այն հանգամանքի, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի, պաշտոնական առաջարկը արվել է Ղազախստանի կողմից։

Մինչեւ  ապրիլի 26-ը կարող ենք ասել, որ Ադրբեջանի մասնակցության հարցում Հայաստանը համաձայնություն չի տվել։ Գոնե այդպես պետք է հասկանալ ապրիլի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը Լիտվայի իր գործընկերոջ հետ Երևանում ապրիլի 26-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ արված հայտարարությունից, որում մասնավորապես հետեւյալն է ասված․ «Որևէ կոնսենսուս չկա Ադրբեջանին որևէ կարգավիճակով հրավիրելու որևէ միջոցառման»։

Ռուսական մամուլում այս հարցի հետ կապված քննարկվում է մի վարկած, ըստ որի, Հայաստանը փորձում է հասնել այն բանին, որ գերիների վերադարձ լինի այդ համաձայնության դիմաց։ Ու հիմա, երբ Մոսկվայից անորոշ ակնարկ է հնչում այդ նիստին սպասվող հյուրերի մասով, առաջանում է բավական հետաքրքիր հարց՝ ինչ որ բան է փոխվել Երեւանի տեսակետում, այսինքն՝ Արա Այվազյանի ասած չեղած կոնսենսուսը վերջապես կայացել է՞, ու եթե այո, ապա ինչի դիմաց, եթե գերիների վերադարձ չի եղել, ավելին, վերջին փորձը վերածվել է խայտառակության։

Սա լուրջ փորձություն կլինի Նիկոլ Փաշինյանի իշխանության համար, եւ հավելյալ ցուցիչ ՀՀ քաղաքացու համար, ով առաջիկա հունիսին գնալու է ընտրելու նոր իշխանություն՝ հասկանալու համար, թե իրականում ինչ հեղինակություն ունի ՀՀ գործող իշխանությունը եւ որքանով կարող է հարց լուծել, թեեւ սկսած նոյեմբերի 9-ից հետո արդեն հազարավոր անգամներ ապիկարության մեջ համոզվել է։