ՀՀ ԱԺ իշխող «Իմ քայլը» դաշինքից փոխխոսնակ Լենա Նազարյանը այսօր ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում առայժմ չկա ռազմական դրության ռեժիմը չեղարկելու անհրաժեշտություն։ Նրա խոսքով՝ Կառավարությունը եւ իշխող «Իմ քայլը» դաշինքը ռազմական դրություն հայտարարելու մասին որոշումն ընդունել է ելնելով իրավիճակի գնահատականից։ «Հիմա կառավարությունից ազդակ չկա, որ այն պետք է չեղարկվի»,- ասաց Նազարյանը։Հետեւաբար, փոխխոսնակի խոսքով, իշխող խմբակցությունը չի մասնակցի Խորհրդի նիստին, որը ընդդիմությունը գումարում է արտահերթ նիստ անցկացնելու համար։ Սովորաբար, եւ միջազգային պրակտիկան է դա վկայում եւ միջազգային եւ ազգային օրենսդրությունը, ռազմական դրությունը հայտարարվում է խիստ որոշակի պարամետրերի առկայության դեպքում, երբ կա պատերազմի վտանգ, երկրի տարածքի վրա ագրեսիա կամ դրա վտանգ եւ այլն։ Հիմա կարծես թե Արցախյան ճակատում հրադադարը ամոբղջությամբ պահպանվում է։ Նույնիսկ փախստական դարձած մեր հայրենակիցները աստիճանաբար հետ են վերադառնում, փորձելով վերսկսել խաղաղ կյանքը։ Այսինքն, թե՝ պատերազմի վտանգը նվազել է անհամեմատ կերպով կամ նույնիսկ զրոյացել, որովհետեւ դժվար է պատկերացնել, որ թուրքական կամ ադրբեջանական բանակը կհամարձակվի ռուս խաղաղապահի վրա կրակել։ Այս դեպքում, ինչ անհրաժեշտություն կա ռազմական դրությունը պահպանելու։ Լենա Նազարյանի այսօրվա հայտարարություններից կարելի է հասկանալ երկու բան՝ կամ ռազմական դրության իրավական ռեժիմը իշխանությունը օգտագործում է ըստ սեփական քաղաքական շահերի, կամ Լենա Նազարյանն ակնարկում է իշխանության անունից, որ նոր պատերազմի կամ պատերազմի վերսկսման վտանգ կա, ուստիեւ պետք է պահպանել ռազմական դրության իրավական ռեժիմը։ Ի դեպ, կորոնավիրուսի առաջին ալիքի ժամանակ մամուլին «խեղդելու» գործընթացի ժամանակ շահարկվում էր արտակարգ դրության ռեժիմը եւ մամուլի հանդեպ ոտնձգությունները վերացվեցին միայն այն ժամանակ, երբ միջազգային կառույցները ճնշում գործադրեցին Հայաստանի իշխանությունների վրա եւ միջազգային փաստաթղթերի պահանջի համեմատ պահանջեցին դադարեցնել մամուլին խեղդելու գործընթացը։ Հիմա նույն հարցն է առաջ գալիս․ կամ իշխանությունը հայտարարում է, որ նոր պատերազմի կամ պատերազմի վերսկսման վտանգ է տեսնում, դրա համար չի վերացնում ռազմական դրության ռեժիմը, կամ հայտարարում է, որ շահարկում է այն, ըստ իր քաղաքական շահերի, կամ էլ հայտարարում է, որ ամեն դեպքում չի վստահում ռուս խաղաղապահներին եւ պահպանում է ռազմական դրության ռեժիմը։ Այլ ողջամիտ տարբերակ պարզապես չկա։



