Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի աշխատակիցները համայնքի բնակիչներից հավաքագրել և համայնքի բյուջե չեն մուտքագրել ընդհանուր 13 մլն 953 հզր 417 ՀՀ դրամ գումար: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։
Մասնավորապես՝ Գ.Մ.-ն 2019 թվականի օգոստոսի 14-ից 2021 թվականի հունվարի 12-ն ընկած ժամանակահատվածում իր սպասարկման ենթակա տարածքի բնակիչներից՝ որպես աղբահանության վճար, գանձված գումարների դիմաց տվել է նրանցից ստացված գումարներին համապատասխան, իր կողմից կատարված ձեռագիր նշագրումներով անդորրագրեր, սակայն դրանց երկրորդ օրինակների վրա կատարել է կեղծիք՝ դրանցում նշելով փաստացի գանձվածից քիչ գումարներ, որոնք ներկայացրել է Երևան համայնքի Նոր Նորք վարչական շրջան:
Արդյունքում, համայնքին պատճառվել է 13 մլն 953 հզր 417 ՀՀ դրամի գույքային վնաս, որն ամբողջությամբ վերականգնվել է:
Երևան համայնքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի մի շարք աշխատակիցների նկատմամբ կայացվել են քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշումներ՝ Քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածի հիմքով (քրեական պատասխանատվությունից ազատելը գործուն զղջալու հիմքով):
Գ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը) և 267-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (իրացնելու նպատակով կեղծ արժույթ, արտարժույթ, արժեթղթեր, վճարահաշվարկային այլ փաստաթղթեր կամ վճարային գործիքներ պատրաստելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, ձեռք բերելը կամ դրանք իրացնելը):
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: