Նոր Նորքի նախկին թաղապետը չի զղջում, որ ծեծել...

Քաղաքական դաշտում իմ անելիքները որոշում եմ ես՝ երբ և որ ժամանակահատվածում։ Այս մասին այսօր՝ մայիսի 19–ին, քաղաքապետարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր–Մարգարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու միջադեպից 20 հետո միայն որոշեց հրաժարական տալ։

Հարցին՝  ՔՊ-ի հետ դադարեցվելո՞ւ է կոալիցիոն համաձայնագիրը, նա պատասխանեց. «Ես գնում եմ 2026 թիվ ընտրություններ, հայտարարություն եմ արել, հետևեք իմ հայտարարությանը։ 2026 թվին կհանդիպենք»։

Իսկ հարցին՝ դուք զղջում եք, որ ծեծել եք Արթուր Չախոյանին, Տեր–Ստեփանյանը կարճ պատասխանեց՝ «ոչ», ապա նստեց մեքենան ու հեռացավ։

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ առավոտյան թաղապետարանի շենքում ծեծկռտուք է տեղի ունեցել: Թաղապետարանի աշխատակիցները՝ թաղապետի մասնակցությամբ ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին: Ոստիկանության աշխատակիցները  բերման են ենթարկել միայն Չախոյանին: Ոստիկանությունից հայտնել են, որ նա հրավիրվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին՝ հաղորդում ներկայացնելու:

Երևանի քաղաքապետարանից, անդրադառնալով տեղի ունեցածին, նշել են, որ բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է, ընդ որում բռնությունը միայն ֆիզիկականը չէ:

Միջադեպից հետո Արթուր Չախոյանի աչքի տակ կապտուկ կար և արյան զեղման նշաններ:

Հիշեցնենք, որ նախօրեին Արթուր Չախոյանն ու Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը հայհոյախառն և անվայելուչ արտահայտություններով ակցիա էին իրականացրել թաղապետարանում: Նրանք հայտարարել էին, որ սա պատասխանն է նրա, որ թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հեռախոսով հայհոյել է իրենց:

Ավելի ուշ Տիգրան Տեր-Մարգարյանը, ով «Հանրապետություն» կուսակցության անդամ է, նշել էր, որ լավ է արել, որ հայհոյել է:

Միջադեպի առթիվ երկու քրեական գործ է հարուցվել՝ մեկը խուլիգանության հոդվածքով՝ Չախոյանի եւ Մանուկյանի նկատմամբ, մյուսը՝ «ֆիզիկական ներգործության» հոդվածով՝ տեղի ունեցած ծեծի մասով, այդ թվում մեղադրանք է առաջադրվել նաև թաղապետի նկատմամբ: