Նոր Խարբերդում ջրաչափերի գողության մեջ կասկած...

Հունվարի 29-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Շենգավիթի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել է, որ գողացել են Նոր Խարբերդի իր տան դիմաց գտնվող ջրի հաշվարկային ցուցիչը։  Հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել է Ավան-Առինջում հաշվառված 25-ամյա մի երիտասարդ։ Նա ներկայացվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ խոստովանել է, ու ոչ միայն այդ գողությունը։ Բացատրական աշխատանքի շնորհիվ երիտասարդը հայտնել է, որ հունվարի 29-ին Նոր Խարբերդի 1-ին, 2-րդ և 4-րդ փողոցներից գողացել է ջրաչափեր։

Փետրվարի 2-ին բացահայտվել է ջրի հաշվարկային ցուցիչ գողանալու ևս մեկ դեպք։ Մասնավորապես, դեկտեմբերի 27-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Նոր-Խարբերդ ամառանոցներում իրենց ընկերության տեղադրած ջրաչափերը հորերից գողացել են։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողություն կատարած անձը Դավթաշեն թաղամասի 32-ամյա մի բնակիչ է։ Նա ձերբակալվել և ներկայացվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերն ու ձերբակալվածները փոխանցվել են նախաքննական մարմին: