Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը և Քուվեյթը հայտարարել են իրանական հարձակումների նոր ալիքի մասին։ Հարձակումների վերաբերյալ տվյալներն ամփոփել է Սաուդյան Արաբիայում գտնվող The New York Times-ի թղթակիցը։
ԱՄԷ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մարտի 4-ին որսացել է 121 անօդաչու թռչող սարք և 3 բալիստիկ հրթիռ, ևս 8 անօդաչու թռչող սարք ընկել է երկրի տարածքում։
Կատարը հայտարարել է, որ որսացել է 10 իրանական անօդաչու թռչող սարք և 2 թևավոր հրթիռ։ Իսկ Քուվեյթի բանակը հայտնել է, որ ակտիվորեն հակազդում է հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումների նոր ալիքին։ Այլ մանրամասներ չեն հաղորդվել։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանին՝ դա անվանելով «կանխարգելիչ» հարձակում։ Նրանց պնդմամբ՝ Իրանը զարգացնում էր իր մեծ հեռահարության բալիստիկ հրթիռների ծրագիրը, նաև ցանկանում էր միջուկային զենք ստեղծել։ Թեհրանը հերքել է մեղադրանքները և պատասխան հարվածներ է հասցնում՝ թիրախավորելով Իսրայելը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրներում ԱՄՆ-ի ռազմակայանները և էներգետիկ օբյեկտները։



