Նիկոս Դենդիաս. Հունաստանը կհամագործակցի Հայաս...

Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը Naftemporiki թերթին տված հարցազրույցում ասել է, որ Աթենքը կհամագործակցի Երևանի հետ՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից քաղած դասերը։

«Չի կարելի հերքել, որ անօդաչու թռչող սարքերի և դրանց դեմ պայքարի համակարգերի տեխնոլոգիական զարգացումները համաշխարհային մակարդակով փոխել են պատերազմ վարելու ձևերը: Հայաստան կատարած իմ վերջին այցի ժամանակ մանրամասնորեն իմացա դրանց կիրառության մասին ժամանակակից մարտի դաշտում։ Հիշեցնեմ, որ սա այն երկիրն է, որի զինված ուժերը ենթարկվել են հարձակման մի բանակի կողմից, որը զանգվածաբար անօդաչուներ է կիրառել, այդ թվում՝ «Բայրաքթարներ»։ Նույն պատճառով մենք Հայաստանի հետ կհամագործակցենք պաշտպանական համագործակցության երկկողմ համաձայնագրերի շրջանակներում և հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից քաղած դասերը»,- նշել է Դենդիասը։

Նա ընդգծել է, որ Հունաստանը գիտակցում է այդ տեխնոլոգիաների կարևորությունը և ակտիվորեն աշխատում է նոր էկոհամակարգի շրջանակներում այս ոլորտում իր հնարավորությունների ամրապնդման ուղղությամբ։

«Մենք պետք է արագ աշխատենք, որպեսզի  հաղթահարենք  այդ առանձնահատուկ բացը, որ ունենք հարևան երկրների համեմատ, նաև անհրաժեշտ է անօդաչուների դեմ հունական տարածքը ծածկող հակաօդային գմբեթ ստեղծել»,- ընդգծել է Հունաստանի պաշտպանության նախարարը։