Նիկոլ Փաշինյանը որպես կերպար բավական նման է Հ...

Հայաստանի ներքաղաքական դաշտում օրակարգի թերեւս թիվ մեկ հարցը հետեւյալն է՝ երբ է հեռանալու Նիկոլ Փաշինյանը։ Արցախյան վերջին պատերազմում կրած ծանր պարտությունից եւ Շուշին կորցնելուց հետո, սա թերեւս արդեն անբեկանելի իրականություն է։ Նույնիսկ եթե Փաշինյանը ձգի էլ մինչեւ հաջորդ ընտրություններ, միեւնույնն է, նա այլեւս մեծամասնություն ունենալ չի կարող, քանի որ միլիոնավոր անգամներ ենք ասել, Հայ ժողովուրդը հող հանձնողներին չի կարող վստահել եւ հող հանձնելը համարում է համարժեք ամենաեղկելի դավաճանության հետ։ Որքան էլ զարմանալի կարող է թվալ, սակայն Փաշինյանն ունի իր գնալու ժամանակը։ Առայժմ նա մնալու է։ Եթե նույնիսկ ցանկանա էլ հրաժարական տալ ու գնալ, միեւնույնն է, մնալու է, պահելու են։ Հիմնավորումը պարզ է, որպեսզի իրականացնի այն, ինչի տակ ստորագրել է, այսինքն՝ «լեղու բաժակը» խմի ցմրուր։ Իհարկե, փողոցային պայքարը ընդդիմության կողմից, պահանջները հրաժարականի, որոնք ձեւակերպվեցին նույնիսկ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից, ունեն իրենց տեղը, սակայն անկախ ամեն ինչից, եթե Հայաստանի ողջ բնակչությունն էլ հիմա մի մարդու պես դուրս գա փողոց, միեւնույնն է Փաշինյանին պահելու են, որպեսզի հանձնի հողերը։ Այլ առաքելություն նա Հայոց պատմության մեջ չունի անելիք։ Հողերը հանձնելուց հետո արդեն, նրա ծառայություններից օգտվողներ էլ չեն լինի։ Նա վերջնականապես կարժեզրկվի ու կնետվի մի կողմ, եւ նաեւ՝ նրա մնալ-չմնալու հարցը կդառնա չափազանց անկարեւոր ողջ աշխարհի համար՝ Մոսկվայից մինչեւ Փարիզ եւ Վաշինգտոնից մինչեւ Բրյուսել, Բաքվից մինչեւ Անկարա․ Թեհրանից մինչեւ Թբիլիսի։ Ինչ որ իմաստով Փաշինյանը նման է Հուդա Իսկարիովտացուն, ով մատնել է Քրիստոսին։ Հուդան արժեք ուներ Քրիստոսի հակառակորդների համար մինչեւ մատնության պահը, մինչեւ այն պահը, երբ Քրիստոսն արդեն խաչելության համար էր ձերբակալված, իսկ հետո արդեն, նա ստացած իր վարձը՝ 30 արծաթ, նետված էր պատմության աղբանոց, նա պետք չէր ոչ մեկին։ Իսկ թե ինչպես ավարտեց ավետարանական պատմության մեծագույհ մատնիչը, քաջ հայտնի է բոլորին։