
Մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում վարչապետի
պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր
Քոքոբելյանին:
Նիկոլ Փաշինյան - Հարգելի պարոն Քոքոբելյան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Նախ ուզում եմ Ձեզ
շնորհակալություն հայտնել հանդիպման հրավերն ընդունելու համար:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը չի մասնակցել խորհրդարանական ընտրություններին, բայց,
այնուամենայնիվ, մենք քաղաքական կյանքի ներկա փուլում շատ կարևոր ենք համարում արտախորհրդարանական
ուժերի հետ մշտական հաղորդակցության ապահովումը: Կուզենայի լսել նաև Ձեր դիրքորոշումները և
պատկերացումները Հայաստանի քաղաքական կյանքի հետագա ընթացքի վերաբերյալ:
Իհարկե, արտահերթ խորհրդարանական ընտրությունները ներքաղաքական ճգնաժամը հաղթահարել են, բայց
դա չի նշանակում, որ այն մարտահրավերները և օրակարգը, որոնք մեր երկրի առաջ ծառացել են պատերազմի
հետևանքով, հաղթահարված են: Մենք բազմաթիվ մարտահրավերներ ունենք և կարծում ենք, որ այդ
մարտահրավերների հաղթահարման համար պետք է հնարավորինս ներգրավենք մեր հանրային-ազգային լավագույն
ներուժը:
Ես կուզենայի լսել Ձեր տեսակետները քաղաքական կյանքի հետագա ընթացքի վերաբերյալ և նաև Ձեր
մոտեցումները, թե ինչ կարող ենք անել, որպեսզի կառավարությունը և արտախորհրդարանական ուժերը լինեն
փոխադարձաբար ավելի լսելի և ավելի տեսանելի:
Խաչատուր Քոքոբելյան – Նախ շնորհակալություն եմ հայտնում հրավերի համար և նրա համար, որ
հնարավորություն կունենանք նաև Ձեր նշած այդքան կարևորագույն հարցերի շուրջ խոսելու: Ուզում եմ շնորհավորել
ընտրությունների կապակցությամբ, անշուշտ կարևոր են դրանք մեր երկրի համար, նաև՝ միջազգային
գնահատականների: Բնական է, որ կլինեն առանձին խնդիրներ: Դա պետք է ըմբռնենք և հասկանանք:
Իհարկե, կուզենայի, որ ընտրարշավը մի քիչ այլ կերպ ընթանար, չեմ թաքցնի: Եվ, միգուցե, դա էր
պատճառներից հիմնականը, որ մենք չցանկացանք մասնակցել՝ ներկապնակի առումով: Բայց քաղաքական առումով նաև
չեմ կարող չընդգծել, որ շատ ծանր փուլ է Ձեզ բաժին հասել՝ առանց այլևայլության: Ես ոչ միայն պատերազմը
նկատի ունեմ, այլ ընդհանրապես՝ մեր նորանկախ Հայաստանի պատմության կյանքում՝ ինստիտուտների, տարբեր
գործոնների հետ կապված:
Ամենակարևոր խնդիրները, որ մամուլում հետևում ենք և՛ ձեր տեսակետներին, և՛ քաղաքական ուժերի
մոտեցումներին, բնականաբար, այսօր անվտանգության խնդիրն է, գերիների խնդիրն է: Բայց ես կուզենայի, որ
անվտանգության խնդիրը դիտարկենք նաև բազմավեկտոր հարթությունում. նկատի ունեմ այսօրվա զարգացող և
փոփոխվող աշխարհին համընթաց, որովհետև բարեփոխումները և ընդհանրապես՝ փոխակերպումները մեզնից դուրս են,
անկախ մեզնից: Այնուհանդերձ, պետք է արձանագրենք, որ այս փուլը դաժան փուլ էր, և չեմ կարծում, որ որևիցե
մեկը չի գիտակցում, որ դա, անկախ ամեն ինչից, ծանր պատասխանատվություն է թե՛ մեր հայրենակիցների, թե՛
առավել ևս Ձեզ համար: Պետք է դա գիտակցել և հասկանալ, թե Հայաստանի զարգացման ինչպիսի մոդել ենք
առաջարկում: Մասնավորապես՝ ես իմ տեսակետները կնշեմ: Չեմ կարծում, որ դա Ձեզ համար նորություն է լինելու,
բայց նաև կուզենայի կառավարության տեսակետների մասին խոսել:
Ընդհանրապես շատ կարևոր եմ համարում նմանատիպ քննարկումները: Մենք պետք է այդ մոդելով առաջ
շարժվենք: Միայն փակ դռների հետևում հնարավոր չէ այդ խնդիրները լուծել, ինչը նաև այլ հնարավորություններ է
տալիս թեկուզ անհասկանալի իրավիճակների հասարակական ընկալման դեպքում և այլն:
Ակնհայտ է, որ Հայաստանը նոր ժամանակաշրջան է մտնում, ինչպես ամբողջ աշխարհը, այդ թվում՝ նաև
COVID-ի հետ կապված, համաշխարհային ընդհանուր տնտեսությանը մեծ հարվածի հետ կապված,
աշխարհաքաղաքական վերադասավորումների հետ կապված, որը տակավին մի ամսվա պատմություն է. ես նկատի ունեմ
«Մեծ յոթնյակի» մոտեցումները, Չինաստանի մոտեցումները: Մենք չենք կարող այդ ամենից անմասն մնալ: Եվ մենք,
գտնվելով ծայրաստիճան փխրուն իրավիճակում՝ անվտանգության և տնտեսության առումով, բնական է, որ չենք կարող
ականջալուր չլինել, թե ինչպես է զարգանում աշխարհը և ինչ ընթացք է ստանում:
Բնականաբար, մեր բոլորի երազած Հայաստանը դա զարգացած Հայաստանն է՝ իր տնտեսությամբ և
անվտանգային համակարգով: Եվ նմանատիպ խնդիրները մեկ օրում չեն լուծվում: Բայց ես կարծում եմ, որ կա
հնարավորություն այդ խնդիրները լուծելու և կա հնարավորություն զարգացման առումով Հայաստանը ճիշտ ռելսերի
վրա դնելու: Չեմ թաքցնի՝ այդ հնարավորությունը Դուք, բնականաբար, ունեք: Ես ինքս հույս ունեմ, որ Դուք դա
լիովին կօգտագործեք, նաև Ձեզ ճանաչելով հանդերձ եմ ասում: Եվ կարծում եմ, որ այդտեղ նաև պետք է ունենաք
օժանդակություն, ինչու ոչ, նաև մեր հասարակության տարբեր շերտերից, այն ինստիտուտներից, որոնք կարող են
ձևավորվել, ինչպես նաև ձևավորված ինստիտուտներից, որոնք կարող են համակերպվել այս նոր իրավիճակին:
Բացարձակապես նոր իրողությունում ենք մենք ապրում: Դա պետք է գիտակցենք: