Նիկոլ Փաշինյանը Գյումրիում հանդիպել է գերիներ...

յումրի կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է գերիների հարազատների հետ: Հանդիպման ավարտին ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը լրագրողներին հայտնեց, որ ծնողներին տեղեկացվել է, թե որ փուլում է գործընթացը:

«Աշխատանքներ են տարվում տարբեր գերատեսչությունների կողմից և տարբեր ատյաններում: Թեման գերզգայուն է, նաև՝ լրատվական դաշտում գերիների հետ կապված  ցանկացած տեղեկություն կարող է հակառակորդի կողմից մեր դեմ օգտագործվել: Թույլ տվեք հանդիպումը որևէ կերպ չմեկնաբանել, պարզապես ասեմ, որ ծնողներն այսօր տեղյակ եղան, թե որ փուլում է գործընթացը»,-նշեց  Նազելի Բաղդասարյանը:

Պատգամավորը նշեց, որ իշխանությունների խնդիրն այն է, որ կարողանան Նոյեմբերի 9-ի  հայտարարության 8-րդ կետի, որը վերաբերում է գերեվարված, պատանդ պահված ու Ադրբեջանում պահվող անձանց վերադարձին, կատարումն ապահովեն ամբողջականությամբ:

«Այսինքն, անկախ իրավական կարգավիճակից, վերադարձվում են բոլորը: Ժնևի 3-րդ կոնվենցիան նշում է, որ ռազմական գործողությունների ավարտից հետո հակառակորդ երկրում գտնվող բոլոր անձինք ենթակա են վերադարձի, և սա է պատճառը, որ միջազգային ատյաններում մենք աշխատանքներ ենք տանում, որպեսզի օր շուտ մեր հայրենակիցները հայրենադարձվեն»,-նշեց Նազելի Բաղդասարյանը: