Նիկոլ Փաշինյանը գովազդում է Սերժ Սարգսյանի ան...

Ժամեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում նոր կոչով էր հանդես եկել․«Սիրելի՛ հայրենակիցներ, ավտոմեքենաների հնամաշ թափքերը (կմախքները) որպես մետաղի ջարդոն հանձնելու հարցերով կարող եք դիմել հետևյալ հասցեներով.

1. Երևան
– Այվազովսկու 4/2
– Արտաշատյան խճուղի 5/1
Հեռախոս՝ 091-41-59-36

2. Գյումրի
– Գյումրու կայարանամերձ տարածք, հեռ. 077-41-99-51
– Շարա Տալյան 7/2, հեռախոս 093-85-89-99

3. Վանաձոր
Հյուսիսային փ. 14, հեռախոս 093-41-81-16

4. Մասիս
Սայաթ Նովա 15, հեռախոս 093-24-03-32

5. Չարենցավան
Երևանյան 2, հեռախոս 098-89-92-73

Բոլոր նշված հասցեներում մեքենաների չկտրտված կմախքները գնվում են 1 տոննան 10-12 հազար դրամով: Գնումը կատարում է «Մետեքսիմ» ՍՊԸ-ն»։

Հետաքրքիր է, որ վարչապետ Փաշինյանի նշած ընկերությանը՝ «Մետեքսիմ» ՍՊԸ-ին տարիներ առաջ անդրադարձ էր կատարել  իր ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակ» օրաթերթը։ Հրապարակման հեղինակը այժմ արդեն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանն է։ Հոդվածում պնդում է արվում, որ ընկերությունը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի «անձնական բիզնեսն է»։

Հիմա ստացվում է, որ վարչապետ Փաշինյանը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անձնական բիզնեսն է գովազդում։

«Հայկական Ժամանակ» օրաթերթի հրապարակումն ամբողջությամբ ստորև․

Հենց այսպիսի պատկեր է ներկայացվում մեր շարքային քաղաքացուն, որին փորձում են համոզել, թե Սերժ Սարգսյանը հիմա, ինչ-որ մի պահից սկսել է լավ գործեր անել։ Հիմա նայենք, թե իրականում ինչ է կատարվել եւ կատարվում Մաքսայինում։ Մաքսայինն իրականում եղել եւ մնում է վերնախավի կերակրման հիմնական աղբյուրներից մեկը։ Ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից յուրաքանչյուրն ունի իր «նախասիրությունները» արտահանման կամ ներմուծման ոլորտում։ Այսօր անդրադառնանք Սերժ Սարգսյանի «նախասիրություններից» մեկին` սեւ մետաղների ջարդոնի արտահանմանը։

Չափազանց մութ մի ոլորտ, որի ուսումնասիրությունից պարզ կդառնա, թե որքանով են Մաքսայինում բարեփոխումներ իրականացվում, որքանով է արմատախիլ արվում կոռուպցիան։ Նախ սկսենք նրանից, որ սեւ մետաղի ջարդոնի արտահանումը որպես բիզնես ազատ է, այն լիցենզավորման ենթակա գործունեություն չէ։ Այսինքն` յուրաքանչյուր մարդ կարող է օրինական ձեւով որեւէ գործարանից կամ անհատ քաղաքացիներից գնել մետաղի ջարդոնը, բարձել գնացքը կամ բեռնատարը, արտահանել իր ուզած երկիր ու վաճառել։ Բայց սա միայն տեսականորեն։ Խիստ տեսականորեն։ Գործնականում ոչ ոք չի կարող Հայաստանից նույնիսկ մեկ բեռնատար սեւ մետաղի ջարդոն արտահանել առանց հատուկ «դաբրոյի»։ Եւ այդ «դաբրոն» ստացվում է անձամբ Սերժ Սարգսյանից, իսկ արգելքը սրբորեն պահպանում է Մաքսայինը։ Այդպես եղել է անցած 8 տարիներին եւ այդպես է նաեւ հիմա։

Ջարդոնի արտահանման մենաշնորհը պատկանում է «Մետեքսիմ» ընկերությանը, որի տերը ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գրիգոր Հարությունյանի եղբայրն է` Միքայել Հարությունյանը։ Այս ընկերությունը ջարդոնը արտահանում է առանց որեւէ խոչընդոտի։ Մյուսները փոքր խմբաքանակներ արտահանելու քվոտաները ստանում են հենց այս ընկերության միջոցով։ Նրանց համար գործում է հետեւյալ մեխանիզմը. ասենք` երկար աղաչանքներից հետո ստացել ես ջարդոն արտահանելու քվոտա։ Քեզ ասում են, որ պետք է մի կլորիկ գումար փոխանցես մի ինչ-որ հաշվեհամարի։ Բայց որպեսզի դու չիմանաս, թե ինչ հաշիվ է դա, ում է պատկանում, քեզ հետ մի մարդ են դնում, դու կանխիկ գումարը ձեռքիդ նրա հետ մտնում ես բանկ, փողը տալիս բանկի աշխատակցին։ Սակայն հաշվեհամարը, որին պետք է վճարես այդ գումարը, թղթի վրա գրված տալիս է քո հետ եկած մարդը, վճարման կտրոնն էլ, բնականաբար, հենց նա է վերցնում։

Այս գործողությունից հետո դու ազատ ես եւ կարող ես արտահանել։ Բնականաբար, վերը նշված քվոտաները, բոլոր կարգի վճարումները բացարձակ ապօրինի են եւ ոչ պաշտոնական։ Սա` մեխանիզմների մասին։ Հիմա անցնենք թվերին։ Մետաղի ջարդոն կուտակելու համար այն պետք է գնել կազմակերպություններից եւ անհատ քաղաքացիներից։ Եթե դուք ուզում եք վաճառել ձեր ունեցած ջարդոնը, ապա ձեզնից այն կգնեն մեկ տոննան առավելագույնը 110-120 դոլարով։ Միջազգային շուկայում այն արժե 450-500 դոլար։ Կախված նրանից` ջարդոնը կարտահանեք գնացքով, թե բեռնատարներով, ձեր մաքուր եկամուտը կկազմի 200-300 դոլար յուրաքանչյուր տոննայից։ 2000 թվականից սկսած` ամենաէժան փոխադրամիջոցը հանդիսացող երկաթուղով ջարդոն է արտահանում բացառապես վերը նշված «Մետեքսիմը»։ Իսկ մյուսներին թույլատրվում է ջարդոն արտահանել շատ ավելի թանկ փոխադրամիջոցով` բեռնատարներով։

Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ թվերի մասին է խոսքը, նշենք, որ ըստ պաշտոնական վիճակագրության` այս տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստանից արտահանվել է 31 հազար տոննա սեւ մետաղի ջարդոն։ Եթե համեստ հաշվարկներ անենք, ապա այդ քանակությամբ ջարդոնն արտահանողը իր գրպանն է դրել 6-ից 9 միլիոն դոլար։ Եթե ջարդոնի արտահանումը մոնոպոլիզացված չլիներ, ապա այս եկամուտը կբաշխվեր բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտների միջեւ։ Բայց քանի որ այդ բիզնեսը կենտրոնացված է, այդ գումարները նստում են միայն մի քանի մարդկանց անձնական հաշիվներում։ Այս ամենին ներսից քաջածանոթ մեր աղբյուրների պնդմամբ, Սերժ Սարգսյանը մեկ-մեկ լավություններ է անում որոշ մարդկանց կամ կառույցների` նրանց ջարդոն արտահանելու քվոտա տրամադրելով։ Մասնավորապես, հայտնի է, որ մի անգամ ջարդոն արտահանելու քվոտա է տրամադրվել մի անձի, որի անվան տակ իրականում հանդես է եկել Դաշնակցությունը։

Հիմա մի այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ այն ընկերությունները, որոնց մոտ այս կամ այն պատճառով սեւ մետաղի ջարդոն է կուտակվում, աշխատում են հնարավորինս թաքցնել այն` սպասելով այն լուսավոր օրվան, երբ իրենց ջարդոնը կկարողանան իրենք արտահանել, իրենք էլ եկամուտ ստանալ։ Սակայն բոլոր այն դեպքերում, երբ թաքցված ջարդոնը հայտնաբերվում է, տվյալ ընկերությունները ենթարկվում են ԱԱԾ-ի, ԿՀԴՊ-ի եւ նմանատիպ այլ կառույցների հարձակումներին։ Այնպես որ, մետաղի ջարդոնի արտահանումը եղել է եւ կա Սերժ Սարգսյանի անձնական բիզնեսը։