
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական հարցերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչին:
Վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Չեռնոգորիայի փոխվարչապետի այցը Հայաստան և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը: ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Կառավարությունը շահագրգիռ է ակտիվացնելու փոխգործակցությունը Չեռնոգորիայի հետ քաղաքական, տնտեսական և այլ ուղղություններով:
Ֆիլիպ Իվանովիչը Նիկոլ Փաշինյանին է փոխանցել Չեռնոգորիայի վարչապետի ջերմ ողջույնները և կարևորել Հայաստանի ավանդական հարաբերությունների հետևողական զարգացումը: Չեռնոգորիայի փոխվարչապետը հավելել է, որ ՀՀ այցի նպատակն է քննարկել երկկողմ փոխգործակցության խթանման հնարավորություններն ու հետագա քայլերը:
Այս համատեքստում, անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական կապերի ընդլայնման, կրթության, զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը: Երկուստեք կարևորվել է ավիաչվերթների ավելացումը, ինչը կնպաստի մարդկային շփումների ավելացմանը, բիզնես կապերի խորացմանը: Մտքեր են փոխանակվել նաև մայրաքաղաքների՝ Երևանի և Պոտգորիցայի միջև համագործակցության խթանման ուղղությամբ:
Նիկոլ Փաշինյանը և Ֆիլիպ Իվանովիչը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցմանը: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է ՀՀ կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին: Իր հերթին, Ֆիլիպ Իվանովիչը հայտնել է Չեռնոգորիայի աջակցությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման ջանքերին: