Նիկոլ Փաշինյանն ուզում է իրենից մաքրել պատերա...

Իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներից Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը նախատեսում է 8-րդ գումարման Ազգային ժողովում ստեղծել 2020 թվականին տեղի ունեցած Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով։

«Որոշում է կայացվել, որ քննիչ հանձնաժողով է ստեղծվելու 44-օրյա պատերազմի հանգամանքերն ուսումնասիրելու համար: Այդ հարցում, կարծում ենք, որ արտախորհրդարանական ընդդիմության մասնակցությունը նույնպես պետք կլինի և այդ հանձնաժողովի գործունեությունը չպետք է սահմանափակվի ԱԺ-ում այսօր ներկայացված ուժերի մասով: Այս փուլում դեռ շատ մանրամասներ չենք քննարկել»,- ասել է Սիմոնյանը։

Ըստ էության, ունենալու ենք առաջիկայում բավական հետաքրքիր իրավիճակ, որը կարելի է անվանել Նիկոլ Փաշինյանին արդարացնող հանձնաժողով։ Ինչի մասին է խոսքը։ Եթե ճիշտ ենք հասկանում Ալեն Սիմոնյանի խոսքերը, ապա գործող իշխանությունը, իսկ ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանը ծրագրում է ստեղծել հանձնաժողով, որը կուսումնասիրի Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքները, այսինքն թե՝ կազատի Նիկոլ Փաշինյանին եւս մեկ՝ կարելի է ասել Հայաստանի, Հայաստանի ժողովրդի եւ առհասարակ Հայ ժողովրդի կյանքում տեղ գտած ամենադժնդակ մի իրադարձության հանդեպ ունեցած պատասխանատվությունից, որը ոչ միայն սոսկ բարոյական հարց է, այլ նաեւ հստակ ձեւակերպումներ ունեցող իրավական հարց է, ոչ միայն միֆերի վրա հիմնված պատմությունների հետ կապված հարց է, այլ նաեւ հստակ վկայությունների վրա հիմնված այսպես ասած ցուցմունքների։

Մեծ հաշվով հենց սրա համար է ստեղծվում հանձնաժողովը, որպեսզի եւ սերունդների առաջ, եւ ապագայում հնարավոր իրավական գործընթացների սկսման դեպքում ապահովագրվի իշխող ուժի ղեկավարը ու ասենք չկանգնի դատարանի առաջ՝ ենթադրենք մի հինգ կամ տասը տարուց՝ Արցախյան 44-օրյա պատերազմի, ինչպես ընդունված է ոչ իշխանական ճամբարում ասել՝ «կանխամտածված պարտության» համար։ Իսկ ավելի էմոցիոնալ առումով՝ Նիկոլ Փաշինյանն ուզում է իրենից մաքրել ավելի քան հինգ հազար մեր զոհված տղաների արյունը։ Ու դա ուզում է անել իրեն «հաճախորդացած» ուժերի ներգրավումով, յուրատեսակ կոլեկտիվ պատասխանատվություն ապահովելով։ Այլապես, դժվար թե օրինակ հանձնաժողովը քննարկի թե 44-օրյա պատերազմի սանձազերծման համար արդյոք որոշակի «կոնսենսուսային իրավիճակ կար թե ոչ» ռեգիոնում շահեր ունեցող ու այդ շահերը առաջ մղող «Մեծ քաղաքականության» խաղացողների մոտ, թե՝ ոչ։