Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանակա...

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում, ի պատասխան ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին, թե ուր են հասել բանակցությունները ադրբեջանական զինուժի՝ Հայաստանից դուրսբերման հարցի առնրությամբ, հայտարարեց, որ Ադրբեջանի զինուժը պետք է դուրս բերվի Հայաստանի տարածքից եւ դա միանշանակ է։ Ապա նաեւ ասաց, որ աշխատանքային երկու առաջարկ է ներկայացվել Ադրբեջանին, ըստ որոնց, կամ ադրբեջանական զորքերը դուրս են բերվում, որից հետո տեղի է ունենում ստորագրումը, կա՛մ ստորագրված թղթի մեջ հստակ ձևակերպվում է, թե քանի օրվա ընթացքում ո՞ւր են դուրս գալիս, որտեղի՞ց են գնում Ադրբեջանի զորքերը։ Միաժամանակ նաեւ՝ Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ հնարավոր է Հայաստանը դիմի ՄԱԿ ԱԽ։ Անդրադառնալով ՀԱՊԿ կեցվածքին, նա ասաց, որ ՀԱՊԿ-ը մինչեւ հիմա հստակ հանրային կերպով չի հայտարարել, որ Հայաստանի տարածքից ադրբեջանական զինուժը դուրս է բերվելու։ Սա կարեւոր է, ըստ Փաշինյանի, որովհետեւ աշխատանքային մակարդակում ասում են, իսկ հանրային պաշտոնական մակարդակում ոչ։ Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը նաեւ ասաց, որ Բաքուն իհարկե ինքնագլուխ չէր հանդգնի նման բան անել, եւ եթե լինեն հիմնավոր ինֆորմացիաներ, որ այ այս կամ այս միջազգային սուբյեկտի հետ պայմանավորվածության արդյունքում է Բաքուն նման քայլի գնացել, ապա հստակ հասարակությանը կտեղեկացվի ընդհուպ մինչեւ հինգ յոթ կամ տասը տարվա ընթացքում Ղարաբաղյան հարցի կարգավորման հետ տեղի ունեցած անցուդարձը։ Բացի այդ, խոսելով այն մասին, որ ՀԱՊԿ-ում ասում են, որ սահմանի այդ տեղամասում հստակ դեմարկացիա կամ դելիմիտացիա չի արվել, Փաշինյանը ասաց, որ դա հիմնավորում չէ, քանի որ ռուս-ադրբեջանական սահմանի որոշ տեղամասեր նույնպես դեմարկացված ու դելիմիտացված չեն։