
Ինչպես որ նախկինում մի քանի անգամ ասել եմ Արցախում Հայաստանի իշխանությունը 2 ֆավորիտ թեկնածու ուներ՝ Արայիկ Հարությունյանը և Մասիս Մայիլյանը ու Նիկոլ Փաշինյանի համար շատ կարևոր էր, որ նախագահ չընտրվի Վիտալի Բալասանյանը, ով բացահայտ հակամարտության մեջ էր մտել Հայաստանի իշխանությունների հետ:
Արայիկ Հարությունյանը նաև Արցախի իշխանության հովանավորությունն էր վայելում ու կարելի է ասել կոնսենսուսային թեկնածու էր Երևանի և Ստեփանակերտի համար: Նա մեկ տարուց ավել է, ինչ սկսել է ոչ պաշտոնական քարոզարշավը ու էս ընթացքում միլիոնավոր դոլարներ է ծախսել ընտրարշավի վրա ու նրա՝ առաջին տեղը զբաղեցնելը տրամաբանական էր:
2-րդ տեղը զբաղեցրած Մասիս Մայիլյանը, կարծում եմ լավ քարոզարշավ չանցկացրեց ու նաև որոշակի խնդիրներ ունի ճանաչելիության հետ կապված: Իմ համար զարմանալի էր, որ Արցախի գյուղերում ապրող իմ ծանոթ-բարեկամներին կոչ էի անում քվեարկել Մասիս Մայիլյանի օգտին ու ոմանք նույնիսկ չգիտեին թե ով է նա:
Ստեփանակերտում նրա հավաքած ձայները բավականին շատ են: Էս առումով Արցախի արտգործնախարարը շատ անելիքներ ունի ու պետք է այնպես անի, որ նրան նաև հեռավոր գյուղերում ճանաչեն: Կարծում եմ, եթե նույնիսկ Մասիս Մայիլյանը 2-րդ փուլի արդյունքներով չընտրվի նախագահ, ապա Հայաստանի ու Արցախի նոր նախագահի համար կլինի արտգործնախարարի կոնսենսուսային թեկնածու, առավել ևս, որ Արայիկ Հարությունյանի թիմում նման կարգի բարձր դիվանագետ չկա:
Ինչ վերաբերում է 3-րդ տեղը զբաղեցրած Վիտալի Բալասանյանին, ապա նա ի սկզբանե շատ սխալ դիրքավորում էր ընտրել՝ Հայաստանի իշխանությունների հետ կոշտ հակադրության մեջ մտնելով ու նաև անհիմն մեղադրանքներ ներկայացնելով նրանց հասցեին: Արցախի բնակչության մի ստվար հատված շատ լավ է հասկանում, որ Արցախի ու Հայաստանի իշխանությունների հակամարտությունը կարող է հղի լինել լուրջ հետևանքներով և հավանաբար հենց դրա համար շատերը ձայն չեն տվել Բալասանյանին:
Շատ ցավալի է, որ հաջորդ ԱԺ-ում չի լինի Հայկ Խանումյանը: Խանումյանը նախագահ լինելու համար պատրաստ չէ, բայց որպես Աժ պատգամավոր կարող էր շատ մեծ օգուտ տալ բնակչությանը, քանի որ հարց լուծող պատգամավոր է եղել ու ամենաակտիվներից մեկը խորհրդարանում:
Դեռևս ընտրություններից առաջ իմ մի քանի ընկերների մոտ ասել էի, որ Հայկ Խանումյանը սխալ քաղաքական հաշվարկներ է կատարել ու նա պետք է Մասիս Մայիլյանի հետ դաշինք կազմեր և համատեղ ցուցակով մասնակցեին ԱԺ ընտրություններին: Այդ դեպքում, հավանաբար, Մայիլյան-Խանումյան տանդեմը ներկայացված կլիներ խորհրդարանում:
Եվ վերջում՝ իմ համար շատ մեծ անակնկալ էր ԱԺ-ում Սամվել Բաբայանի կուսակցության հայտնվելը; Բաբայանի անձը ոչ միանշանակ է ընդունվում Արցախում, քանի որ նրա՝ ՊՆ եղած ժամանակ Արցախում տիրած բեսպրեդելի մասին բազմաթիվ ոչ հաճելի պատմություններ կան: Սակայն, պարզվեց, որ նա դեռևս մնում է ազդեցիկ ֆիգուր Արցախում ու նաև նրա շնորհիվ է, որ Մասիս Մայիլյանը այդքան շատ ձայներ հավաքեց:
Ինչ վերաբերում է ընտրությունների որակին, ապա շատ բան չեմ ասի, միայն կասեմ, որ այն դեռևս հեռու է ցանկալի ընտրություններ լինելուց: Վարչական ռեսուրսի չարաշահումը, ընտրակաշառք բաժանելու մասին տեղեկությունները, քվեաթերթիկները նկարելը ստվեր են գցում ընտրությունների որակի վրա:
Ամեն դեպքում, շնորհավորում եմ Արցախի ԱԺ-ում հայտնված բոլոր քաղաքական ուժերին ու նաև հուսով եմ, որ նախագահական ընտրությունների 2-րդ փուլում ավելի որակյալ ընտրություններ կլինեն ու հաղթողի լեգիտիմության հարցը կասկածի տակ չի դրվի ոչ մեկի կողմից:
Գրում է քաղաքագետ Արմեն Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում