
Ուկրաինայի Ռազմածովային ուժերը Նիդեռլանդներից ստացել են «Alkmaar» հակաականային նավը։ Այս մասին հայտնել է ուկրաինական NV պարբերականը՝ հղում անելով Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար Ալեքսեյ Նեիժպապայի հայտարարությանը։
«Վերջերս մենք մեր գործընկերներից ստացանք «Alkmaar» դասի հակաականային նավ և մենք ակնկալում ենք, որ մինչև տարեվերջ ևս մեկը կհասնի մեզ։ Անձնակազմի վերապատրաստումն արդեն ընթացքի մեջ է», - Նեյժպապայի խոսքերը մեջբերում է պարբերականը։
Նշվում է, որ Ուկրաինայի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարը հոկտեմբերի 13-ին հանդիպել է նաև Նիդեռլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսի և Նիդեռլանդների զինված ուժերի գլխավոր հրամանատար գեներալ Օննո Այխելսհայմի հետ՝ հետագա համագործակցության հեռանկարները քննարկելու համար։
Անցյալ ամիս Նիդեռլանդների պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ կարագացնի Ուկրաինային զենքի մատակարարումը՝ Կիևին ռազմական օգնության համար հատկացված բյուջեի մի մասը 2026 թվականից տեղափոխելով 2025 թվական։ Ավելին, Թագավորությունը մասնակցում է ուկրաինացի զինծառայողների վերապատրաստմանը։ 2022 թվականից ի վեր, Նիդեռլանդների աջակցությամբ վերապատրաստվել է Ուկրաինայի զինված ուժերի մոտ 60,000 զինծառայող։