ՆԳ փոփխնախարարը մասնակցել է ՄԱԿ-ի GP2025-ի աշ...

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 2-6-ը մասնակցել է Շվեյցարիայի Ժնև քաղաքում ընթացող ՄԱԿ-ի «GP2025. Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմի» աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել ներքին և արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներ։

Արմեն Ղազարյանը Գլոբալ պլատֆորմի նախարարական կլոր սեղան-քննարկումների ժամանակ անդրադարձել է աղետների ռիսկի նվազեցման ֆինանսավորման խնդիրներին՝ ընդգծելով Հայաստանի հանձնառությունը այդ ոլորտում միջոցառումների և դիմակայունության բարձրացման ռազմավարությունների ուժեղացման գործում։

Փոխնախարար Ղազարյանի գլխավորած պատվիրակությունն ակտիվորեն մասնակցել է նաև երկկողմ հանդիպումների և պլատֆորմի շրջանակներում ընթացող այլ միջոցառումների՝ լավագույն փորձի փոխանակման և տեխնիկական ու ֆինանսական համագործակցության հնարավորությունները ուսումնասիրելու համար։

Կայուն զարգացման առաջընթացն ապահովելու նպատակով ռիսկերի նվազեցման և դիմակայունության բարձրացման ուղղությամբ ներդրումների իրականացմանը նվիրված նիստի ընթացքում Արմեն Ղազարյանը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ ընդգծելով ոլորտային ընթացիկ բարեփոխումների և համակարգային զգալի փոփոխությունների իրականացումը՝ 2022 թվականին կայացած Գլոբալ պլատֆորմից ի վեր։ ՆԳ նախարարի տեղակալը հատկապես կարևորել է տարածաշրջանային համագործակցությունը միջազգային գործընկերների հետ՝ կլիմայի փոփոխությունների հետ առնչվող տարերային և արդյունաբերական ռիսկերի նվազեցումը։

Արմեն Ղազարյանը նաև անդրադարձել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ համատեղ դպրոցների անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված գործընթացին, խոսել` ընթացիկ և ապագային վերաբերելի ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացման մասին։

Մասնակցությունը GP2025-ին ընդգծում է Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը աղետների ռիսկերի կառավարման գործում՝ համահունչ աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների 2015-2030 թվականների ծրագրի պահանջներին։