
Տաքսի ծառայություն իրականացնող վարորդները հարց են բարձրացրել, որ երբ աշխատում են ինչ-որ տաքսի օպերատոր ծառայությունում, ասենք, Յանդեքս, եւ կայանում են տաքսու համար նախատեսված կայանատեղիներում, նրանք տուգանվում են: Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, ԱԺ-ում, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
«Եվ երբ նրանք բողոքարկում են, ներկայացնում են համապատասխան ապացույցներ, որ այդ ժամին իրենք եղել են օպերատորի հսկողության տակ, պատվեր են կատարել, այդ վարչական ակտերը չեն բեկանվում: Այս վարչարարության մեջ երեւի պետք է ինչ-որ բան փոխենք»,-ասաց նա:
Ի պատասխան ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ասաց. «Վերջին շրջանում մենք էլ ենք ստանում նման ահազանգեր մեր սիրելի քաղաքացիներից, որոնք գրանցվում են տաքսի ծառայություն մատուցող օնլայն հարթակներում: «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի համաձայն տաքսի ծառայությունները պետք է ունենան համապատասխան նշաններ, կահավորանք, գունագրաֆիկա: Սրանով է պայմանավորված, որ երբ կայանումն իրականացվում է, տեսալուսանկարահանող սարքերի միջոցով հնարավոր չի լինում նույնականացնել՝ այդրոք տվյալ մեքենան մատուցում է տաքսի ծառայություն թե ոչ: Դրա համար ակտավորվում է, իսկ բեկանման փուլում , քանի որ ունենք օրենսդրական համանման կարգավորումներ, մեր աշխատակիցները վարչարարությունն անում են այդ տրամաբանությամբ:
Բայց ես համաձայն եմ, որ ձեւից պիտի գանք բովանդակությանը: Այսինքն եթե կա այնպիսի ապացուցողական բազա, որ վստահ կլինենք, որ տվյալ մեքենան մատուցում է տվյալ ծառայությունը, կա գրանցում, կոնկրետ ընկերությունը հավաստում է դրա մասին, ապա կփորձենք արդեն վարչարարության շրջանակներում հասնել ակտի բեկանման: Վստահեցնում եմ, որ այսուհետ բեկանումները կլինեն, եթե լինեն ապացույցները: Կփորձենք ընդառաջել մեր քաղաքացիներին»: