Նեթանյահուն պատվիրակություն կուղարկի Կահիրե`...

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն որոշել է բանակցային պատվիրակություն ուղարկել Կահիրե՝ քննարկելու Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Shorouk News-ը։

Պարբերականի տեղեկացմամբ՝ համաձայնագրի երկրորդ փուլի հարցում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև մեծ տարաձայնություններ կան։

ՀԱՄԱՍ-ի խոսնակ Հազեմ Քասեմը կոչ է արել բոլոր կողմերին ճնշում գործադրել իսրայելական կողմի վրա հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլին անցնելու համար՝ հավելելով, որ «ՀԱՄԱՍ-ը հավատարիմ է հրադադարի համաձայնագրին և պատրաստ է սկսելու հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները»։

Նա ընդգծել է, որ «իրենց մոտ պահվող մնացած իսրայելցի պատանդների ազատ արձակումը հնարավոր կլինի միայն երկրորդ փուլի համար լուրջ բանակցությունների մեջ մտնելու միջոցով»։

Իսրայելն իր հերթին հայտարարել է, որ չի պատրաստվում դուրս բերել իր ուժերը Եգիպտոսի հետ Գազայի հատվածի սահմանի բուֆերային գոտուց՝ Ֆիլադելֆիական միջանցքից, ինչպես կպահանջվի ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի համաձայնագրի հնարավոր երկրորդ փուլի շրջանակներում: 

Ըստ The Times of Israel-ի՝ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ նույնիսկ հրադադարի ժամանակ, ըստ հետախուզական տվյալների, ՀԱՄԱՍ-ը հարձակումներ է նախապատրաստում իսրայելցի զինվորների և համայնքների դեմ։ ՀԱՄԱՍ-ը հերքել է այս մեղադրանքները՝ նշելով, որ Ֆիլադելֆիական միջանցքից դուրս չգալու որոշումը Իսրայելի կողմից համաձայնագրի դրույթների խախտում է։ 

Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի առաջին փուլը սկսվել է 2025 թվականի հունվարի 19-ին։ Համաձայնագիրը ներառում է 3 փուլ, որոնցից յուրաքանչյուրը տևում է 42 օր՝ պայմանով, որ հաջորդ փուլի վերաբերյալ բանակցություններ անցկացվեն մինչև ընթացիկ փուլի ավարտը: