Նախկինների համար «վարդ բաժանողները» դեմ են նա...

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մշտապես քարոզչական դաշտում օգտագործում է «նախկին-ներկա» թեզը։ Որքան էլ ակնհայտ է, որ Փաշինյանն ու իր թիմակիցներն իրենք եղել են նախկին իշխանության «կլիենտները»՝ այս թեզը շարունակում է իրենց օգուտներ բերել։ Այնպես որ, այս իմաստով իշխանությունների գործողությունները տրամաբանական են։

Անտրամաբանական է, երբ նիկոլական այս թեզը «քշում» են ընդդիմադիր դաշտում գործողները։ Վերջին օրերին այս թեզի ակտիվ շրջանառող է դարձել «Սրբազան շարժման» մասնակից Սուրեն Պետրոսյանը։

Թեզի շրջանառումը Սուրեն Պետրոսյանի կողմից հատկապես տարօրինակ է, երբ հայտնի է, որ ինքը եղել է ՀՀԿ երիտթևի անդամ, ՀՀԿ Երևանի Կենտրոն վարչական շրջանի երիտթևի ղեկավար, Գագիկ Բեգլարյանի՝ Չոռնի Գագոյի «սրտի» երիտասարդներից մեկը։ Պետրոսյանը ՀՀԿ-ում է եղել անգամ 2017 թվականին ու դժվար չէ կռահել, թե որտեղ էր լինելու, եթե ՀՀԿ-ն 2018-ին իշխանությունը չհանձներ Նիկոլ Փաշինյանին։

Հետաքրքիր է, որ նախկինների դեմ «սրբազան» պայքար են մղում  նման կերպարները։ Մարդիկ, ովքեր ՀՀԿ երիտթևում անգամ «վարդ բաժանողի» դեր են ստանձնել, միայն թե մոտ լինեն իշխանությանը, որպեսզի կարողանան կարիերայի աճ ունենալ։ 

Պետրոսյան Սուրենի նման մի կերպար էլ կար իշխանական կոալիցիայի այլ կուսակցության երիտթևից, որը կրկին այն ժամանակվա իշխանությանը մոտ կանգնած կուսակցության երիտասարդների շարքերում էր, անգամ «վարդ բաժանողի» կարգավիճակով, միայն թե մոտ լինի օրվա իշխանությանը։

Ալեքսանյանի և Պետրոսյանի միջև մեկ տարբերություն կա՝ նա ժամանակին առավել ճարպիկ է գտնվել և հայտնվել է ՔՊ-ում ու դարձել պատգամավոր։ Այլ տարբերություն տեսանելի չէ։