Նախատեսում ենք որոշակի պատասխանատվություն սահ...

Հայաստանում գործող կարգավորումները բավարար չեն ատելության խոսքի խնդիրն ամբողջական լուծելու համար: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով հանրային խոսույթում ատելության խոսքի դեմ պայքարի թեմային։

Գալյանը նշեց, որ այսօր իրավահավասարության և խտրականության արգելքի վերաբերյալ որոշակի իրավական հիմքեր առկա են, սակայն դրանք հիմնականում վերաբերում են առավել ծանր դրսևորումներին։ Մասնավորապես, Քրեական օրենսգիրքը սահմանում է պատասխանատվություն խտրականության, բռնության կոչերի և բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար, սակայն ավելի մեղմ, բայց հավասարապես վտանգավոր դրսևորումների մասով իրավական հստակ մեխանիզմներ դեռևս չկան։

«Նախատեսում ենք որոշակի ձևաչափով և եղանակներով պատասխանատվություն սահմանել ատելության խոսքի՝ այսպես ասած, ավելի մեղմ դրսևորումների համար։

Իհարկե, բացի պատասխանատվություն սահմանելուց, ինչպես արդեն նշել եմ, խնդրի լուծման նպատակով նախատեսում ենք իրականացնել նաև տարաբնույթ արշավներ, որոնք միտված կլինեն հանրային իրազեկման մակարդակի բարձրացմանը»,-ընդգծեց Գալյանը։

Նախարարը նաև նշեց, որ նախատեսվում է մշակել խտրականության արգելքի և իրավահավասարության վերաբերյալ առանձին ռազմավարական փաստաթուղթ, որի շրջանակում կսահմանվեն պատասխանատվության նոր միջոցներ և կձևավորվի համապարփակ մոտեցում։