
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ 10:30-ին մեկնարկած ու 18:00-ին ավարտված «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի մրցույթի ավարտին պարզվեց՝ թեկնածուներից ոչ ոք չի հաղթահարել անցողիկ շեմը:
Հիմա ամեն ինչ՝ հերթով:
«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը ներկա է գտնվել մրցույթի ողջ ընթացքին, որը, ինչպես արդեն տեղեկացրել էինք, անցկացվում է ՀՀ առողջապահության նախարարության շենքում՝ նախարար Անահիտ Ավանեսյանի աշխատասենյակի հարակից սենյակում: Իսկ դիտորդները, որոնք պետք է հետևեին մրցույթի ընթացքին, այն «դիտում էին հեռուստացույցով»՝ հնարավորություն չունենալով կատարել իրենց վերահսկողական գործառույթները:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի մրցույթին մասնակցում էին ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ԱԺ նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանը, և Հոգեկան առողջության կենտրոնի ղեկավար, սկանդալային անցյալով հայտնի Նարեկ Վանեսյանը. «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը որոշեց հրաժարվել մրցույթին մասնակցելուց։ Պողոսյանը նախկինում մասնակցել էր Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոնի տնօրենի մրցույթին, որի ժամանակ անգամ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նրան բնութագրեց որպես պրոֆեսիոնալ մասնագետ։ Սակայն այդ մրցույթում հաղթեց ոչ թե մասնագիտական, այլ քաղաքականապես նախընտրելի թեկնածուն։
Շարունակելով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մրցույթի թեման՝ տեղեկացնենք, որ գրավոր մրցույթի ժամանակ երկու թեկնածուներն էլ 100 միավոր հավաքեցին, այնուհետև անցան բանավոր քննության: Հանձնաժողովի անդամների հարցերին, որի ղեկավարը Անահիտ Ավանեսյանն էր, պատասխանեց Նարեկ Զեյնալյանը: Երկու ժամ նրան հարցաքննեցին, գնահատեցին՝ հորդորելով սպասել:
Հերթը Նարեկ Վանեսյանինն էր, որը, ի տարբերություն Զեյնալյանի, «գերազանցիկի» պես բոլոր հարցերին անգիր արած պատախանում էր: Ակնհայտ էր, որ Վանեսյանին «լավ պատրաստել» էին:
Ի դեպ, մի ուշագրավ հանգամանք էլ կա. «Ժողովուրդ» օրաթերթը նկատել է, որ արդեն մի քանի տնօրենների մրցույթներին ներկա է լինում Վանեսյանի ղեկավարած ՀԿ-ի ներկայացուցիչը, որը բոլոր հարցերը գրում է, նկարում գաղտնի, ու հստակ է, որ նախապես դրանք ներկայացվել էին Վանեսյանին, ով պատրաստված եկել, արագ-արագ պատասխանում էր հանձնաժողովի անդամների հարցերին:
Թեպետ կարծես դա էլ «չփրկեց» Վանեսյանին, քանի որ Ավանեսյանը չցանկացավ Փաշինյանի հետ «հակառակվել», «չընտրել» փաստացի նրա կողմից տնօրենի ԺՊ նշանակված Զեյնալյանին:
Բայց նաև նախկին ու ներկա նախարարների նախընտրելի թեկնածու Վանեսյանը չընտրվեց:
Մրցույթի ավարտին Ավանեսյանը հայտարարեց, որ որևէ թեկնածու 90 տոկոս անցողիկ շեմը չի հաղթահարել. Զեյնալյանը հացաքել է 89%, Վանեսյանը՝ 84%: Ուստի առաջիկայում նորից տնօրենի մրցույթ են հայտարարելու:
«Ժողովուրդ» օրաթերթի դիտարկումներից հստակ էր մի բան, որ Անահիտ Ավանեսյանը որևէ ձևով չէր ցանկանում Զեյնալյանին տնօրեն նշանակել, քանի որ անգամ բժշկական կենտրոնում գիտեն, որ նախարարը «թարսված» է Զեյնալյանի հետ, ինչն անկնհայտ երևացել է, երբ տիկին նախարարը այցելել է բժշկական կենտրոն:
Կարճ ասած՝ նախարար Ավանեսյանն այլևս չի «ենթարկվում» Փաշինյանի որոշումներին՝ համարձակվելով նրա կողմից քաղաքական որոշման արդյունքում ԺՊ նշանակված Զեյնալյանին «կտրել քննությունից»»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: