Ազգային ժողովի Լուսավոր Հայաստան խմբակցության պատագամավոր օրեր առաջ անդրադարձել էր Երևանի Արմենակյան 121/6 հասցեում գտնվող «Նաիրի» հյուրանոցին կից հանրակացարանի շենքում շուրջ 30 տարի ապրող՝ սումգայիթյան ջարդերի և արցախյան պատերազմի հետևանքով տեղահանված փախստական ընտանիքների բնակարանավորման խնդրին։ Պատգամավորը ժամեր առաջ ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ այս խնդրով նամակ է ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին.«Միանգամայն պարզ է, որ այս հարցը խորքային, համակարգային լուծում է պահանջում, սակայն օր առաջ անհրաժեշտ է սկսել իրականացնել քայլեր՝ փախստականների կարգավիճակի, նրանց բնակարանավորման հերթի, այդ ուղղությամբ նախատեսվող ծրագրերի վերաբերյալ, ելնելով նրանց կենցաղային պայմանների վատթարության աստիճանի գնահատումից, ընտանիքի անդամների քանակից և մի շարք այլ չափորոշիչներից»։
Հանրակացարանի 64 փախստական ընտանիքները (120 մարդ) ապրում են, 12-15 քմ տարածք զբաղեցնող սենյակներում: Այդ ընտանիքներն Արմենակյան 121/7 հասցեում տեղավորվել են սումգայիթյան ջարդերի և Արցախյան պատերազմի հետևանքով տեղահանվելուց և Հայաստան տեղափոխվելուց ի վեր` արդեն 30 տարի:
Աննա Կոստանյանը գրել է. «Ըստ տնօրենի՝ որևիցե մի տեղ հանրակացարաններում նման պայման չկա, որ 11-12 քմ-ում լինի զուգարանակոնք, լվացարան և վաննա։ Հասկանում եք՝ սա մեծ շռայլություն է այս մարդկանց համար:
Ջրամատակարարում օրական ընդամենը 2 ժամ է, որի դիմաց վճարվում է յուրաքանչյուր անձից ամսական գանձվող ընդհանուր 2000-ական դրամներից, ինչն ըստ հանրակացարանի տնօրեն Սիմոնյանի՝ անհամեմատ քիչ է նրա դիմաց, ինչ իրականում օգտագործում են 64 ընտանիքները: Հանրակացարանի տնօրենի խոսքով` բնակիչները ջուրը անխնամ են օգտագործում և ստացվում է, որ ամսական ջրօգտագործման դիմաց գոյացող 220․000 դրամի փոխարեն բնակիչներն ընդհանուր վճարում են ընդամենը 160 կամ 180․000 դրամ մեկ ամսվա կտրվածքով։ Սակայն այդ դեպքում որտեղի՞ց և ի՞նչ միջոցներից է վճարվում տարբերությունը։Ըստ տնօրենի բնակիչներից ամսական գանձվող 2000-ական դրամները հազիվ են հերիքում ծայրը ծայրին հասցնելու համար, պետությունից գումար չեն ստանում։
Փաստորեն Հայաստանում տուրիզմի զարգացման հիմնադրամը, որին պատկանում է մասնաշենքը (ըստ Միգրացիոն ծառայության և մասնաշենքի տնօրենի), ինչ-որ անհասկանալի ձևով կարողանում է հոգալ նաև այն ծախսերը, որոնք ըստ տնօրենի գոյանում են բնակիչների կոմունալ օգտագործումների արդյունքում, եթե այո, ապա որտեղի՞ց է հիմանդրամը հայթայթում այդ գումարները։ 5 մլն գումարը պետական հատկացումը տրվում է հյուրանոց-հանրակացարանի աշխատակազմի հաստիքների աշխատավարձերը վճարելու համար, և որ այդ հաստիքացանկերը ներկայացվում են և Միգրացիոն գործակալություն և համապատասխան վարչություններ և կոմիտեներ (հարց՝ ի՞նչ վարչություն և ի՞նչ կոմիտե)։
Հանրակացարանի աշխատակազմը բաղկացած է 11 հոգուց, որոնք տարվա մեջ 12 ամիս ստանում են նվազագույն ամսական աշխատավարձի չափով՝ 55․000 դրամ, իսկ մեկ տարվա կտրվածքով ընդհանուր գումարը ստացվում է 7 մլն 260․000 դրամ, այն դեպքում, երբ պետությունը տարեկան հատկացնում է 5 մլն դրամ, որը տնօրենի հավաստմամբ` վճարվում է աշխատակազմում ներկայացված հաստիքների համար, ապա 2 մլն 260․000 դրամ տարբերությունն ո՞վ է փոխհատուցում աշխատակազմի աշխատավարձը վճարելու համար և ի՞նչ միջոցներից»։
Politik.am-ի հարցին, թե արդյոք այս անհամապատասխանությունների համար հանրակացարանի տնօրեն Հովհաննես Սիմոնյանը պարզաբանում տվել է, Աննա Կոստանյանը բացասական պատասխան տվեց ավելացնելով, որ այս հարցերին ինքը դեռ կանդրադառնա: Բնակարանային պապահովությոն ծրագրի հետ կապված պատգամավորը ասաց, որ այսքան ժամանակ որևէ ծրագիր չի իրականացվել, սակայն ըստ տարբեր գնահատականների՝ տեղահանվածների հիմնախնդրի լուծման համար կպահանջվի շուրջ 9 միլիարդ դրամ գումար:
Կոստանյանի հարցմանն ի պատասխան` Տարածքային կառավարման և զարգացման նախարարություից տեղեկացրել են, որ «Նաիրի» հյուրանոցի մասնաճյուղը սեփականության իրավունքով պատկանում է Հայաստանում տուրիզմի զարգացման հիմնադրամին։ Ըստ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի՝ Երևան քաղաքի Արմենակյան փողոցում գտնվող «Նաիրի» հյուրանոցային համալիրի հիմնական մասի սեփականատերեր են հանդիսանում «Նաիրի բիզնես տուր» ՍՊԸ-ն և «Հայաստանում տուրիզմի զարգացման հիմնադրամ» ՀՄԴ-ն : «Նաիրի» բիզնես տուր» ՍՊԸ-ն պատկանում է Հակոբ Հովհաննեսի Սիմոնյանին, այսինքն՝ հանրակացարանի տնօրեն Հովհաննես Սիմոնյանի որդուն:
Աննա Կոստանայնը Politik.am-ին նաև հայտնեց, որ շենքի սեփականատերերը ապրիլի 11-ին դատական նիստի են ներկայանալու` շենքերից մեկի գործով, քանի որ սեփականատերը ունի անավարտ ֆինանսական պարտավորություններ, որոնք երկար տարիներ չի կատարել եվ գործ է հարուցվել, որը կրկին երկար տարիներ եղել է անավարտ:«Հարցը իրականում թնջուկի է նման, ու քանի գնում ավելի է խճճվում: Բայց հոգ չէ, կա խնդիր, որին լուծում է պետք տալ , այն էլ հրատապ»-ասաց Կոստանյանը:
Politik.am-ը բնակարանային ապահովման ծրագրի հարցով դիմել է Միգրացիոն ծառայություն և ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակ, պատասխանները սատալուն պես կհրապարակենք:
«Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ից մեզ տեղեկացրին, որ Նաիրի հյուրանոցին կից հանրակացարանը իրենց ենթակայության տակ չի գտնվում` ավելացնելով իրեն հասած տեղեկություններով հանրակացարանի բնակիչները հաճախ են Նաիրի հյուրանոցի տերը հաճախ սոցաիալական կամ կենցաղային խնդիրներ է ունենում:
Հանրակացարնի տնօրենի հետ կապ հասատատել չստացվեց, փորձեցինք նրա հետ կապվել որդու` հյուրանոցի տնօրենի միջոցով, սակայն հյուրանոցի աշխատակիցը չցանկացավ որևէ տեղեկություն տրամադրել:
Աննա Հովհաննիսյան



