«Մենք ականատես ենք լինում, թե գործող վարչապետն ու իր քաղաքական թիմի ներկայացուցիչներն ինչպես են փորձում պարտության մեղքը բարդել ում վրա ասես՝ այդ թվում նաև զինվորականների»,- այսօր խորհրդարանական հայտարարությունների ժամին ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Պատգամավորի խոսքով, երեկ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նշվում էր՝ որոշ գործիչների կողմից մեղադրանքներ են հնչում, որ զինված ուժերի ղեկավարությունը պետության ղեկավարին ոչ իրատեսական վերլուծություններ է ներկայացրել.
«Եվ ինչ է ասում ԳՇ պետը՝ պատերազմի չորրորդ օրը ԱԽ նիստի ժամանակ ես ներկայացրի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ մեր ԶՈւ գնահատականը՝ նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար...։ Հիմա հարց Նիկոլ Փաշինյանին՝ այս ամենի պատասխանն ո՞վ է տալու»։
Նաիրա Զոհրաբյանը նաև տեղեկացրեց, որ ռուս լրագրողները և քաղաքական գործիչները հարցադրումներ են ներկայացնում Փաշինյանին, և պետք է սպասել շատ հետաքրքիր բացահայտումների՝ հարցերի վերաբերյալ, թե արդյոք հնարավոր էր պատերազմի չորրորդ կամ յոթերորդ օրերին ունենալ շատ ավելի բարենպաստ բանակցային իրավիճակ։
Պատգամավորն անդրադարձավ նաև իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարություններին, որտեղ նա, ոչ միայն դատապարտում է բռնությունն ու բռնության կոչերը, այլ նաև պնդում է, թե հեղափոխության օրերին ակտիվիստները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, չեն կոտրել «Ռադիոտան» ապակիները։
«Չէ, դուք ավիրել եք «Ռադիոտունը»։ Դուք համալսարանի ռեկտորին, ում սիրտը վատացել էր, թույլ չէիք տալիս դուրս գալ։ Դուք իմ երեխային գրել եք՝ մամայիդ դիակը տարել են Բժշկականի կողքի մորգ, կես ժամից գնացեք, դագաղը տարեք, դիակը վերցրեք։ Սա եք դուք, ու հիմա խոսում եք բռնության կոչի՞ց։ Ի՞նչ բռնության կոչ, այն, ինչ դուք եք արել, որևէ մեկը չի արել։ Դուք ասում եք, թե զոհված զինծառայողի կնոջն են հիմա խոսեցնում, տղաներ ու աղջիկներ, լո՞ւրջ։ Դուք Ռոբերտ Աբաջյանի ֆեյք պապիկ էիք պեղել ու ձեր գերագույն գլխավոր հրամանատարի ու մարզպետի (որ գրեց. «Շուշի, հիմա գալիս եմ», ու էդպես էլ չհասավ) ներկայությամբ պապ էիք խոսեցնում։ Դուք բարոյական իրավունք ունե՞ք խոսելու, որ որդեկորույս մայր է խոսում հանրահավաքի ընթացքում...։ Վաղը չեմ լինի ես, չեք լինի դուք, բայց պատմության դասերից որևէ մեկս չի խուսափելու»,- եզրափակեց խոսքը Նաիրա Զոհրաբյանը։



