Ուզում են նախ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք դեկտեմբերից սկսած մինչև հիմա ինտենսիվ, օր ու գիշեր աշխատել են, որ մեր ճանապարհներ, մայթերը անցանելի դառնան։ Այս մասին այսօր՝ հունվարի 26–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Որոշ դեպքերում, իհարկե, ունեցել ենք խնդիրներ, և իրականում իմ դժգոհությունը կամ իմ մտահոգությունները միմիայն մի նպատակ ունեն, որ հաջորդ անգամ մենք էլ ավելի պատրաստված լինենք, ունենանք ավելի նորարարական լուծումներ։
Դեկտեմբերին առաջին ձյունը երբ եկավ, գիշերային ժամերին էր, և մենք շատ արագ արձագանքեցինք, առավոտյան բոլոր հիմնական փողոցները անցանելի էին։ Իսկ երբ ձյունը գալիս է ցերեկը, երբ երթևեկությունը ինտենսիվ է, այդտեղ մեր գործը մի փոքր դժվարանում է։
Մենք հաջորդ տարի պետք է պատրաստված լինենք նորարարական լուծումներով խնդիրները լուծելու։ Նոր տեխնոլոգիաներ կան, կարծում եմ, որ պետք է մենք էլ փորձարկենք դրանք, մասնավորապես ջրի լուծույթով աղի նախորոք ցանումը փողոցներում։ Դա էլի մեր որոշ խնդիրներ կմեղմի։
Ինչ վերաբերում է մայթերին ու բակերին, այստեղ երևի համակարգային նոր լուծումներ են մեզ պետք, որովհետև միայն Երևանի քաղաքապետարանի տեխնիկան, ինչքան էլ որ մենք ավել գնենք, մեզ թույլ չի տալու ամբողջ ծավալը փակել։ Համատիրությունների հետ աշխատանքը կոորդինացնելու մի նոր մեխանիզմ է մեզ պետք,»,–ասաց նա։
Ավինյանը հեգնանքով նկատեց, որ մասնավոր ընկերություններից շատերը այս տարի բացահայտեցին, որ ունեն պարտավորություն իրենց դիմացի մայթերը մաքրելու. «Ուզում եմ այդ գործընկերներին մի վատ լուր էլ հայտնել, իրենք առհասարակ ունեն պարտավորություն իրենց դիմացի հատվածները տարին 12 ամիս պատշաճ տեսքի բերել։ Սա այն դեպքն է, երբ մենք, այսպես ասած, մեր քթից այն կողմ չենք տեսնում, մեր դռնից այն կողմ համարում ենք, որ օտար և թշնամուն պատկանող տարածքներ են, բայց դա այդպես չէ։
Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ մեր կատարած աշխատանքներին, հաշվի առնելով եկած ձյան ծավալը, ես կարող եմ համարել բավարար։ Իհարկե լավ համարել չենք կարող, որովհետև ունեցել ենք կոնկրետ օրերի խնդիրներ։ Բայց բավարար կարելի է համարել, որովհետև մեր ճանապարհները իքս ժամանակ հետո նվազագույնը 24 ժամից 36 ժամ հետո ամբողջությամբ անցանելի է, այսինքն խնդիրները ամբողջությամբ վերացված են լինում։
Հհետևապես հիմա պետք է աշխատենք որ այդ ժամանակը կկրճատենք, այսինքն, նույնիսկ եթե ցերեկային ժամերին է գալիս ձյունը, մենք պետք է կարողանանք այնպես անել, որ այդ միջինացված ժամանակը էականորեն նվազի»,–ասաց նա։
Ավինյանը իր խորհրդական Կամո Արեյանին հանձնարարեց հաջորդ ձյան գալուց այդ փորձարկումները սկսեն իրականացնել, թեկուզ մի քանի փողոցներում. «Մենք մեր փորձով համոզվենք, եթե աշխատող է, եկեք այդ նոր մոդելները արդեն լայնորեն կիրառենք, մասնավորապես աղի և ջրի լուծույթները նախօրոք փողոցների վրա ցանելու հնարավոր տարբերակ, կամ այլ տարբերակներ, որոնք դուք կքննարկեք և այլ լուծումներ, որոնք որ կգտնեք»։



