Նախօրեին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որում հայտնել են, որ տեսակոնֆերանսային ֆորմատով հանդիպում են ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արա Այվազյանի եւ Ջեյխուն Բայրամովի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։ Հայտարարության մեջ ասված է, որ համանախագահները երկարատեւ եւ բովանդակալից մտքերի փոխանակություն են իրականացրել նախարարների հետ կապված ռեգիոնում կայունությանն աջակցելու հարցերի հետ կապված, միջնորդական առաքելության մեթոդների հետ կապված, ինչպես նաեւ՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի դերակատարության հետ կապված։
Չափազանց հետաքրքիր է այն, որ նույնիսկ հակամարտության գոտում տեղի ունեցած լուրջ փոփոխություններին, համանախագահները շարունակում են աշխատել գաղտնիության ռեժիմով եւ բանակցային պրոցեսն հիմնականում ընթանում է գաղտնիության պայմաններում։
Մյուս կողմից սակայն հետաքրքրական է այն, որ Բաքուն, որ 44-օրյա պատերազմից հետո չափազանց ամբարտավան կեցվածք էր որդեգրել համանախագահության հանդեպ, նույնիսկ զանց առնելով դիվանագիտական էթիկետը որոշ դեպքերում, սակայն կարծես թե շարունակում է աշխատել համանախագահության հետ։ Ու սա այն դեպքում, երբ Բաքուն պատերազմից հետո դնում էր համանախագահության պիտանելիության հարցը, հատկապես որ 44-օրյա պատերազմի ավարտի հետ կապված համանախագահությունը դերակատարություն չունեցավ եւ եռակողմ հայտարարությունը կնքվեց Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։
Այստեղ պետք է նկատի ունենալ այն, որ Մոսկվան չգնաց Բաքվի նախընտրած ճանապարհով եւ չհայտարարեց, որ Մինսկի խմբի գոյությունն արդեն անիմաստ է։ Հակառակը, Մոսկվան ամեն բան անում է, որ իր բոլոր գործողությունները բխեցնի Մինսկի խմբի գործընթացի տրամադրություններից ու տրամաբանությունից։ Երեւանը հասկանալի է, հավատարիմ է մնում Մինսկի խմբի գործընթացին։ Բաքուն իհարկե կարող էր շարունակել իր «զոռբայությունը» Մինսկի խմբի հարցում եւ լուծել բոլոր խնդիրները արդեն նոր իրողությունների համեմատ, ներառյալ նաեւ ռուս խաղաղապահների հետ կապված հարցը, սակայն չգիտես ինչու Իլհամ Ալիեւը կարծես թե որոշել է մանեւրել եւ ամեն դեպքում չի խզում բոլոր կապերը Մինսկի խմբի հետ, ասել է, թե ուզում է Ղարաբաղյան խնդիրը պահպանել գլոբալ դիվանագիտության տիրույթում։
Ամենայն հավանականությամբ Ալիեւը չի վստահում Մոսկվային եւ Մինսկի խմբի հետ կապեր պահպանում է, որպեսզի հարկ եղած դեպքում պահանջի, որ ռուսական խաղաղապահ զորակազմը լրացվի այլ երկրների զորակազմերով, որով կխոչընդոտվի ռուսների «չափազանց ամրացումը» Լեռնային Ղարաբաղում։ Սակայն այստեղ Բաքուն թերեւս հիշում է նաեւ, որ Մոսկվան ցանկացած պահի, մյուս համանախագահների հետ կարող է դնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։
Սա ինչ խոսք ինտրիգային իրավիճակ է, հատկապես, որ Մինսկի խմբի ներսում ներքին հանդիպումները եւ քննարկումները շարունակվում են։ Չի բացառվում, որ առաջիկայում համանախագահները լուրջ առաջարկ կներկայացնեն, որը հակամարտության կարգավորումը կդիտարկի թարմացված գաղափարական հենքով, սակայն թե ինչպիսին կլինի այն կզգանք առաջիկա ազդակներից, որոնք կլինեն եւ համանախագահներից եւ համանախագահող մայրաքաղաքներից, եւ Երեւանից ու Բաքվից։