Ռուսաստանը հույս ունի, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում լարվածությունը ժամանակավոր է և շուտով կվերանա։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Մենք հուսով ենք, որ Բաքվի և Թեհրանի հարաբերություններում առկա լարվածությունը ժամանակավոր է և հնարավորինս շուտ կհաղթահարվի», - մեջբերում է Լավրովի խոսքը ТАСС գործակալությունը։
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ այդ դժվարությունների վերացումը կօգնի խթանել եռակողմ համագործակցությունը Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի մասնակցությամբ, այդ թվում՝ «Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման շրջանակներում կարևոր նախագծերի իրականացման համատեքստում»։
«Մենք պատրաստ ենք օգնել մեր ընկերներին առկա խնդիրների լուծման գործում», - եզրափակել է Լավրովը։