«Աէրոֆլոտ» ավիաընկերությունը չեղարկել է «Շերեմետևոյից» SU1864 չվերթը։ Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների առցանց տեղեկատվական տախտակից։
Ավելի վաղ հայտնի էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռն օդային փակ տարածքի պատճառով չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում։
Baza-ի տվյալներով՝ Փաշինյանի ինքնաթիռը շուրջ 1 ժամ պտտվել է Տվերի մարզի վրայով՝ վայրէջք կատարելու թույլտվությանը սպասելով, բայց այն այդպես էլ չեն ստացել։ Ի վերջո, կառավարական ինքնաթիռն ուղարկել են Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» միջազգային օդանավակայան, որտեղ գիշերը ժամը 1-ի սահմաններում այն վայրէջք է կատարել։
Նշենք, որ որպես պատճառ նշվում է ուկրաինական ԱԹՍ–ների հարձակումները, որի հետեւանքով Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 170 չվերթ է հետաձգվել։
Հիշեցնենք, որ մինչ այս ՀՀ վարչապետը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում էր ու հայտարարել էր, որ մեկնելու է Մոսկվա՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։



