
Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ զբաղեցրած պաշտոններից ազատվել են գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը , նրա առաջին տեղակալ Կամո Քոչունցը եւ տեղակալի Վաչագան Ներսեսյանը։
Այս որոշման հրապարակումից հետո շատերը կարծեցին, թե Փաշինյանը որոշել է ազատվել նախկին իշխանությունների ամենավառ դեմքերից մեկից՝ Մովսես Հակոբյանից։ Նա կանգնած է բանակում առկա խնդիրների ակունքում և վստահաբար կարելի է ասել, որ այն գեներալներից է, որի գործունեությունը նաև վնաս է հասցրել բանակին։
Մովսես Հակոբյանի (Մոսի) պաշտոնակությունից հետո անգամ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ վարչապետը խնդիրներ է տեսել կառույցում, որը ղեկավարվել է Հակոբյանի կողմից․ «Դա միայն վարչապետի իրավասությունն է։ Դա խոսում է, որ այդ ինստիտուտում խնդիրներ են առաջացել եւ վարչապետը որոշում է կայացրել»,-լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր Քոչարյանը։
Մեկ օր անց, սակայն պարզվեց, որ Հակոբյանը և իր նախկին տեղակալները նոր պաշտոնների են նշանակվել․ «ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամաններով.
- գեներալ-գնդապետ Մովսես Հրանտի Հակոբյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ,
- գեներալ-մայոր Կամո Գրիգորի Քոչունցը
նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ,
- գնդապետ Վաչագան Վալերիի Ներսեսյանը նշանակվել է
ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության գլխավոր տեսուչ»,-իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Իրականում վարչապետ Փաշինյանը բոլորից լավ գիտի Մովսես Հակոբյանի արածներն ու չարածները՝ իրավապահները հաստատ անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովել են վարչապետին։ Բայց նա այլ ելք չունի, քանի որ առաջիկայում Արցախում նախագահական ընտրություններ են և Փաշինյանը խնդիր ունի իրեն լոյալ նախագահ տեսնել Արցախում։ Այս գործում Արցախում Փաշինյանի միակ զինվորական հենարանը Մովսես Հակոբյանն է։ Նա երկար տարիներ ղեկավարել է Արցախի ՊԲ-ն և ծնունդով էլ այնտեղից է։ Հակոբյանը ունի կապեր, որը փորձելու է ծառայեցնել Փաշինյանի քաղաքական ծրագրերին։ Եթե 2020-ին Հակոբյանը «հորով-մորով» չարեց Արցախի նախագահական ընտրությունները նոր Հայաստանում կորոշեն նրան պաշտոնանակ անել, գուցե նաև քրեական գործեր էլ հարուցվեն իր նախկին գործունեության մասով։