Առանց պատշաճ պայմաններ ստեղծելու՝ Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի տեղափոխման հարց չի լինի, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:
«Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի տեղափոխման հարցն օրակարգում է: Մի տարբերակ կար, քննարկում էինք, բայց Քաղշին կոմիտեի մեր գործընկների ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ տվյալ գույքը նպատակահարմար չէ օգտագործել այս նպատակով: Մի այլ տարբերակ ենք առաջարկել, ոնց որ թե ՊՆ մեր գործընկերները հավանել են, առայժմ այդ փուլում ենք: Եթե առաջ գնա, կարիք կլինի վերանորոգում իրականացնել, որից հետո արդեն տեղափոխել: Վստահեցում եմ, որ առանց պատշաճ պայմաններ ստեղծելու, տեղափոխում չի լինելու», - ասաց նա:
Հարցին, թե ի՞նչ ժամկետների մասին է խոսքը, Բաբայանն ասաց, որ հստակ ժամկետներ չկան՝ նկատելով, որ փորձում են հնարավորինս շուտ կազմակերպել գործընթացը:
Ավելի վաղ կառավարությունում քննարկվում էր Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը Դիլիջանում թանկարժեք հյուրանոց հիշեցնող կառույցի տարածքից այլ վայր տեղափոխելու հարցը։



