Հայաստանում մեծ ջերմաէներգետիկան ծնունդ է առել 1963 թվականին Երևանի ՋԷԿ-ի գործարկումով: 1997 թվականին «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» պետական ձեռնարկության վերակազմավորման միջոցով ստեղծվել է «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը («Երևանի ՋԷԿ» ՓԲԸ): Երևանի ՋԷԿ-ի վերակառուցման ծրագրի իրականացման շրջանակներում 2005 թ. սկսված միջազգային բանակցությունների արդյունքում՝ 2010 թ. ապրիլի 21-ին տեղի է ունեցել Երևանի Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի (ՀՇԳՑԷ) էներգաբլոկի շահագործման հանձնման պաշտոնական արարողությունը: ՀՇԳՑ էներգաբլոկում որպես վառելիք օգտագործվում է բնական գազ:
«Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացվում է միանձնյա գործադիր մարմնի՝ Գլխավոր տնօրենի կողմից: Ընկերությունում ձևավորված է խորհուրդ, որն իրականացնում է Ընկերության գործունեության ընդհանուր ղեկավարումը:
«Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահված են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, այն է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը մաս կազմող Գնել Սանոսյանին: Հենց այս անձն էլ այս օրերին կայացրել է մի աննախադեպ որոշում՝ «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի տնօրեն, էներգետիկայի բնագավառի խորագիտակ ու ոլորտում մեծ հարգանք վայելող Արսեն Գրիգորյանին առանց որևէ պատճառի ազատել է աշխատանքից և, ուշադրություն, տեղը նշանակել, ոչ ավել, ոչ պակաս… ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանին:
Բայց սույն կինոժապավենի կադրերը դրանով չեն ավարտվում: 2023 թ. մայիսին լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հաստատելով իր հրաժարականը և մեկնաբանելով այն՝ Արամ Ղազարյանը նշել էր, որ աշխատանքից ազատման զեկուցագիր է ներկայացրել ոստիկանապետին սեփական նախաձեռնությամբ կենսաթոշակի անցնելու կապակցությամբ: Ոստիկանության համակարգի ներկայացուցիչն, այդուհանդերձ, ավելացրել է, որ կենսաթոշակի անցնելու նպատակի հետ մեկտեղ նաեւ այլ աշխատանքի անցնելու նպատակով է հեռանում:
Իսկ թե ինչ աշխատանք է իրեն խոստացված եղել՝ արդեն իմացանք:
Արդեն իսկ ենթադրելի է, թե ոստիկանն ինչպես պիտի իրեն դրսևորեր հանրապետության, ինչու չէ՝ տարածաշրջանի մակարդակով խոշորագույն էներգետիկ նշանակություն ունեցող հիմնարկության տնօրենի պաշտոնում, ով երբևէ որևէ աղերս չի ունեցել նշված կարևորագույն ոլորտի հետ և ընդամենը աշխատել է Ոստիկանության Լոռու, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզային բաժիններում:
Ի դեպ, «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի երկարամյա և շնորհաշատ աշխատակիցները ևս մեզ հետ զրույցում ցավով են նշել իրենց կողմից հարգված և էներգետիկայի ոլորտն ուղն ու ծուծով տիրապետող արդեն նախկին տնօրեն Արսեն Գրիգորյանին առանց պատճառի աշխատանքից ազատելու փաստը և կրկնակի ցավ ու զարմանք ապրել, երբ իմացել են, որ իրենց գլխին տնօրեն են բերում ինչ-որ մի ոստիկանի, ով էներգետիկ համակարգից տոտալ անտեղյակ է:
Թե ի՞նչ է մտածել Գնել Սանոսյանը, երբ կայացրել է նման խայտառակ որոշում և, ինչպես պատկերավոր նշում են ՋԷԿ-ում, «մլիցուն նշանակել ՋԷԿ-ի տնօրեն», մնում է միայն ենթադրել: Լավատեղյակները նշում են, որ սույն նախարարն այստեղ և այնտեղ նշանակում է սեփական վստահելի մարդկանց: Բայց միթե՞ թույլատրելի է, որ պետական համակարգը, երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող այդ կարևորագույն ոլորտն ու հիմնարկությունը սարքել մանրադրամ, ծառայեցնել սեփական նեղ խմբակային շահերին ու այդ ամենը վստահել պատահական մեկին, ով համակարգի հետ որևէ մասնագիտական առնչություն չունի:
Վ. Սարգսյան