Հայաստանի մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը (ՄԿՈՒԶԱԿ) դարձել է Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության Տեխնիկական և մասնագիտական կրթության և ուսուցման միջազգային կենտրոնի (UNESCO-UNEVOC) գլոբալ ցանցի անդամ:
Ինչպես տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունը, ՄԿՈՒԶԱԿ-ի անդամակցությունը ցանցին ենթադրում է նոր հնարավորություններ ՄԿՈՒ ոլորտում միջազգային համագործակցության համար:
Հայաստանից ավելի վաղ ցանցի անդամ է դարձել Գլոբալ զարգացման հիմնադրամը:
UNEVOC-ն ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլոբալ ցանցն է, որը միավորում է մասնագիտացած հաստատությունները տեխնիկական և մասնագիտական կրթության և ուսուցման (TVET) ոլորտում։ Այն ապահովում ցանցի անդամների միջև փորձի փոխանակման, համագործակցության և փոխօգնության միջավայրի ձևավորմանը։ UNEVOC կենտրոնները լինում են չորս տեսակի՝ նախարարություններ, ազգային մարմիններ, ուսուցման կազմակերպություններ և հետազոտական հաստատություններ։
Միջազգային համագործակցության և գործընկերային ուսուցման միջոցով UNEVOC կենտրոնները շարունակում են բարձրացնել տեխնիկական և մասնագիտական կրթության և ուսուցման որակը՝ բարելավելով իրենց երկրներում առաջարկվող կրթական հնարավորությունները։
Այս կազմակերպությանն այժմ արդեն անդամակցում են 253 UNEVOC կենտրոններ 152 երկրներից։



