Միրզոյանը Ղազախստանում ծաղիկներ է դրել հուշահ...

Ղազախստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի թանգարան և հուշահամալիր «ԱԼԺԻՐ» («Հայրենիքի դավաճանների կանանց Ակմոլինսկի ճամբար»): Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Նախարար Միրզոյանը ծանոթացել է թանգարան-հուշահամալիրի նշումներին, որոնք ներկայացնում են 1930-50 թթ. ԽՍՀՄ բռնաճնշումների հետևանքով Ղազախստանի Ակմոլ գյուղ (նախկինում՝ Մալինովկա) աքսորված կանանց պատմությունն ու դեպքերը։ Ըստ թանգարանի տվյալների՝ նրանց շրջանում եղել են նաև շուրջ 80 հայ կանայք։

Նախարար Միրզոյանը ծաղիկներ է զետեղել հուշահամալիրի տարածքում տեղադրված՝ հայ կանանց հիշատակին նվիրված հուշակոթողին և խաչքարին։