«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները նախաձեռնելու են հրատապ նիստ, որի նպատակն է առաջարկել ԱԺ-ին ընդունել հայտարարություն, որն ուղղված կլինի ՀՀ-ի կառավարիչներին, միջազգային հանրությանը և Ադրբեջանին՝ կապված հայ գերիների վերադարձի հետ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Անդրադառնալով Արարատ Միրզոյանի՝ Ցեղասպանության օրակարգն առաջնահերթ չհամարելու հայտարարությանը, Մամիջանյանն ասաց. «Նորություն չէ, որ իրենք չեն հարգում անգամ իրենց գրած փաստաթղթերը, մասնավորապես կառավարության ծրագիրը: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը գրված է թե՛ իրենց ծրագրում, թե՛ ՀՀ ռազմավարության մեջ:
Այսօր ՀՀ արտգործնախարարությունն ասում է, որ ՀՀ-ն նման առաջնահերթություն չունի: Երբ տարիներ առաջ ասում էինք՝ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն գալիս են իշխանության Արցախը հանձնելու ու Ցեղասպանության հարցը մոռացության մատնելու համար, երկուսն էլ այսօր, ցավոք սրտի, իրողություն են:
Արցախը հանձնված է, իսկ Ցեղասպանության ճանաչման հետ կապված ՀՀ արտգործնախարարն ասում է, որ նման առաջնահերթություն չկա: Վերջին 6 տարում Ցեղասպանության ճանաչման հետ կապված ինչ տեղի է ունեցել, իրականացվել է Հայ դատի, ազգային կուսակցությունների աշխատանքի շնորհիվ, այս ուղղությամբ նրանք ոչինչ չեն արել, ուղղակի հայտարարել են, որ չեն էլ անելու, արդեն ցինիզմի գագաթնակետն է»:
Մամիջանյանի խոսքով՝ այդ հայտարարության հետևանքները տարբեր կարող են լինել:
«Դրան կարող է հետևել ինչ ասես, դա դավաճանության հասնող ցինիզմ է: Այստեղ խնդիրն այն քաղաքական մեսիջն է, որ փոխանցվում է Թուրքիային ու ամբողջ աշխարհին»,-նշեց Հայկ Մամիջանյանը:
Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ ՀՀ օրակարգում ԼՂ հիմնահարցի և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցեր չկան: