
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարել է, որ Հայաստանում քաղաքական բանավեճի՝ գոյություն ունեցող մշակույթն անթույլատրելի է:
Անահիտ Մանասյանն այս մասին հայտարարել է ԱԺ-ի ամբիոնից։
ՄԻՊ գործունեության վերաբերյալ հաղորդման քննարկմանն իր եզրափակիչ ելույթին Մանասյանն անդրադարձավ րոպեներ առաջ ԱԺ նիստերի դահլիճում իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպին:
«Հայաստանում, ի վերջո, քաղաքական բանավեճի՝ գոյություն ունեցող մշակույթն իրապես անթույլատրելի է: Եվ մենք բոլորս պետք է փորձենք ամեն ինչ անել ժողովրդավարական պետությանը հարիր քաղաքական բանավեճ ունենալու համար:
Առանց որևէ մեկին թիրախավորելու ուզում եմ հատուկ արձանագրել, որ նման դեպքերն անթույլատրելի են խորհրդարանական պետության խորհրդարանի դահլիճում»,–ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:
ԱԺ նիստերի դահլիճում մայիսի 14–ին հերթական անգամ միջադեպ տեղի ունեցավ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև, երբ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը մոտեցել էր ամբիոնին՝ արձագանքելու ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթին: Արշակյանն ու Քոչարյանը բանավիճեցին, ապա միջամտեցին նաև մյուս պատգամավորները, իրարանցում ու քաշքշուկ սկսվեց պատգամավորների միջև: