Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 5-ին ընդունել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին:
Ինչպես հայտնում են Ազգային ժողովից, Ալեն Սիմոնյանը, կարեւորելով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործունեությունը, ընդգծել է, որ այն ինստիտուցիոնալ առումով մեր երկրում ամենակայացածներից է: Նա շեշտել է, որ ՄԻՊ ինստիտուտի՝ վստահություն ներշնչող գործունեությունը տարբեր երկրների ժողովրդավարության սանդղակի լավագույն ցուցիչ է: Ալեն Սիմոնյանը հավելել է, որ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում իրավունքներին առնչվող բազում խնդիրների լուծումը ՄԻՊ տիրույթում է:
Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով՝ ՀՀ ՄԻՊ-ը կայացման տպավորիչ ճանապարհ է անցել, եւ դրա զարգացման ու կատարելագործման աշխատանքներն անհրաժեշտություն են բազմաթիվ մարտահրավերների հետ առնչվող մեր պետության համար:
Կողմերը քննարկել են հանրային ընկալումներում մարդու իրավունքներին առնչվող համակարգային խնդիրներ՝ անդրադառնալով ներկայում մեր երկրում տեղի ունեցող գործընթացներին: Երկուստեք կարեւորվել է Ազգային ժողով-Մարդու իրավունքների պաշտպան համագործակցությունը մի շարք, այդ թվում՝ համապատասխան հանձնաժողովների մակարդակով:
Մարդու իրավունքների պաշտպանն ԱԺ նախագահի ուշադրությունը հրավիրել է որոշ բնագավառներում մարդու իրավունքներին առնչվող օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտությանը եւ օրենսդրական նախաձեռնությունների լրամշակմանը:
Հանդիպման ավարտին եւս մեկ անգամ արձանագրվել է ԱԺ-ի եւ այլ պետական մարմինների հետ ՄԻՊ աշխատանքի կանխարգելիչ նշանակությունը: