Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի 2018 թվականի ու դրան նախորդող մի քանի տարիների գործունեությունը ենթարկվել է միջազգային վերանայման՝ ՄԱԿ-ի Փարիզյան սկզբունքներով սահմանված մարդու իրավունքների ազգային ինստիտուտներին առաջադրվող անկախության պահանջներին համապատասխանության տեսանկյունից:
ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ այդ վերանայման արդյունքում առաջարկվել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը շնորհել ամենաբարձր «A» միջազգային հեղինակավոր կարգավիճակը
«A» կարգավիճակը Մարդու իրավունքների ազգային հաստատությանն իրավունք է վերապահում մասնակցել միջազգային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի աշխատանքներին և որոշումների կայացմանը, հանդես գալ հատուկ ելույթներով, օգտվել միջազգային համապատասխան կառույցների ղեկավար մարմիններում ընտրվելու և այդ մարմինների ընտրություններին քվեարկության իրավունքից։



