Yerkir.am-ը գրում է․ Այսօր հերթական սկանդալն է տեղի ունեցել ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի եւ նրա հոր՝ Սեւանի շուկայի տնօրեն Աղվան Գրիգորյանի շուրջ: Համացանցում տարածվել է տեսանյութ, թե ինչպես են ՄԻՊ-ի հոր շուկայի աշխատողները ուղղորդված վերաբերմունք ցուցաբերում Իջեւան-Երեւան քայլերթի մասնակիցների նկատմամբ:
Ծառայամտությամբ մշտապես աչքի ընկած Աղվանի շուկայում կազմակերպված սադրանքները երթի մասնակիցների նկատմամբ նկարահանվել եւ անմիջապես ուղարկվել են դստեր «տերերին»: Կարճ ժամանակ անց տեսանյութը հրապարակվել է Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին պատկանող Medianews կայքում, ֆեյք էջերում, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընտանիքին պատկանող Freenews կայքում եւ մերձիշխանական էջերում:
Փաստորեն, Քրիստինե Գրիգորյանի նոր կարգավիճակն անգամ չի կաշկանդում բացահայտ վերաբերմունք ցուցաբերել իշխանությունների նկատմամբ: Եթե նախորդ միջադեպի ժամանակ նա դեռեւս արդարադատության փոխնախարար էր, եւ նրա հոր պահվածքն ինչ-որ տեղ «հասկանալի» էր, հիմա այն պարզապես անընդունելի է:
Նշենք, որ հոր եւ դստեր՝ իշխանությանը ծառայելու մասին փաստը արձանագրել էինք դեռեւս անցած տարի՝ խորհրդանական ընտրություններից առաջ: Այդ օրերին իշխանական FreeNews լրատվամիջոցը, ընտրությունների համատեքստում, «ազատ» սոցհարցում էր անցկացրել Սեւանում, իսկ ավելի կոնկրետ՝ Քրիստինե Գրիգորյանի հոր շուկայի մերձակայքում, հարցվողներն էլ հիմնականում շուկայի աշխատակիցներն էին։ Սկզբում փոխնախարարի հայրը նախատում էր լրագրողին՝ «ինչի՞ համար եք հարցնում», լրագրողն էլ, թե՝ «քաղաքացիների կարծիքը մեզ համար կարեւոր ա»։ Այսպես սկսվում էր էժանագին ներկայացումը։ Իսկ իրականում՝ ե՛ւ լրագրողը, ե՛ւ հարցվողը բացահայտ խաբում էին քաղաքացիներին՝ ձեւացնելով, թե տվյալ անձը պատահական անցորդ է, մի խեղճ, հալածված գյուղացի առեւտրական։ «Ձեր դարդից մենք 9 էրեխեքով գնացել, ընգել ենք Ռուսաստանի քուչեքը»,- լալահառաչ ճվճվում էր փոխնախարարի փարիսեցի հայրը: