Աշխարհում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը զգալիորեն բարդացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը։ Այս մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Մինչ այդ Սերգեյ Լավրովն իր կարծիքն է հայտնել ֆրանսիական եւ ամերիկյան կողմերի՝ ռուս գործընկերների հետ աշխատելուց հրաժարվելու մասին։
«Ինձ այլ նորություններ են հասնում։ Հաշվի առնելով այդ կոնկրետ ազդանշաններն ու ուղերձները, որոնք ես ստացել եմ համանախագահներից եւ շատ այլ երկրներից, ես կցանկանայի հաստատել, որ չնայած ադրբեջանցի գործընկերները կրկնում են, որ Մինսկի խումբը դադարել է գոյություն ունենալ, քանի որ «այլեւս չկա ԼՂ հակամարտություն», չկա նույնիսկ «Լեռնային Ղարաբաղ» անունով տարածաշրջան, միջազգային հանրությունը շարունակում է տեսնել ԼՂ հակամարտության կարգավորումը. Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակում, ինչը շատ հուսադրող է»,- ասել է Միրզոյանը։



